IDeA-ի ու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամների միջեւ այսօր փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց, որն ուղղված է ենթակառուցվածքների, տարածքների զարգացման ոլորտում համագործակցությանը, ինչպես նաեւ զարգացմանը միտված այլ ծրագրերի համատեղ իրականացմանը:
Կողմերը մասնավորապես կգործակցեն Դիլիջանի եւ Տաթեւի տարածաշրջաններում սոցիալական ու հանրային նշանակության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում:
Փաստաթուղթն ստորագրեցին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանն ու IDeA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էդգար Մանուկյանը:
«Մեր երկու կառույցներն ունեն գործունեության ընդհանուր ուղղություններ եւ աշխատանքներ են իրականացնում հանրապետությունում ենթակառուցվածքների բարելավման, տարածքների զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: IDeA հիմնադրամը ծրագրեր է իրականացնում Սյունիքի եւ Տավուշի մարզերում, որոնք հատկապես զբոսաշրջության զարգացման տեսակետից լուրջ ներուժ ունեցող տարածաշրջաններ են: Համոզված ենք, որ մեր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ աշխատանքով կարող ենք սիներգիայի էֆեկտ ստանալ եւ լուրջ ներդրում ունենալ այդ տարածքների հեռանկարային զարգացման գործում»,-ընդգծեց Էդգար Մանուկյանը:
Աշոտ Կիրակոսյանը նույնպես ողջունեց երկու հիմնադրամների միջեւ փոխգործակցության նախաձեռնությունը:
«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը մեկնարկել է Սոցիալական ներդրումների եւ տարածքային զարգացման նոր ծրագրի իրականացումը: Մենք հատկապես կարեւորում ենք համագործակցությունը տեղական գործընկերների, նվիրատուների եւ շահագրգիռ կառույցների հետ: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը շնորհակալ գործունեություն է ծավալել զարգացման մեծ ներուժ ունեցող երկու տարածքներում` Տաթեւում եւ Դիլիջանում: Հուսով ենք, որ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ եւ շարունակական,-նշեց նա:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հանրային կապերի բաժին