«Վենետիկի հանձնաժողովի ոչ բոլոր առաջարկներն են լսելի ու ընդունելի». Արտակ Զաքարյան
«Առաջիկա քննարկումների արդյունքում վերջնական տեսքի կբերվի Սահմանադրական բարեփոխումների նախագիծը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծին և այս գործընթացի հասցեին հնչող քննադատություններին:
Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումների քաղաքական գործընթացը հասարակության, քաղաքական ուժերի կարծիքները հաշվի առնող գործընթաց պետք է լինի, ուստի այն «ոչ» ասողների տեսակետները, ովքեր առողջ հիմնավորումներով են հանդես գալիս, բերում են փաստարկներ, որոնք հիմնավորում են իրենց տեսակետը, ուշադիր լսում են, հաշվի են առնում, որոշ տեսակետեր արդեն իսկ քննարկման շրջափուլերում են գտնվում:
Ըստ իշխող կուսակցության ներկայացուցչի` առաջիկայում համապատասխան գործընթաց կսկսվի նաև ԱԺ-ում, այսինքն` այն ամբողջությամբ կտեղափոխվի քաղաքական հարթակ և «ոչ» ասողների քաղաքական դիրքորոշումները պետք է որ շատ ավելի կարծրանան: «Եթե դրանք քաղաքականապես չեն կարծրանում, ապա դառնում են ինքնանպատակ, դառնում են քաղաքական կապրիզ, որը, բնականաբար, երկար կյանք ունենալ կամ հեռանկար ունենալ չի կարող: Մեր խնդիրն է՝ առավելագույնս պարզ, բաց, մատչելի և հիմնավոր կերպով մարդկանց բացատրել այս գործընթացի անհրաժեշտությունը: Հետագայում արդեն հասարակությունն ինքը կորոշի` իրեն պետք է նոր սահմանադրություն, թե ոչ` նոր ձևակերպումներով, նոր պետական կարգով, նոր կառավարման ձևով, թե հասարակությունը շարունակում է նորից ընդունելի համարել այն սահմանդրությունը, որը գործում է»,- նման տեսակետ հայտնեց Արտակ Զաքարյանը:
Խոսելով Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հնչեցրած առաջարկների մասին` նա ասաց, որ բոլոր խորհուրդներն ու առաջարկները չէ, որ լսելի ու ընդունելի են, բայց որպես մասնագիտական տեսակետ ցանկալի է նաև իմանալ, որոշ դեպքերում նաև հաշվի առնել: «Բայց կան առաջարկներ, որոնք արմատապես հակասում են մեր հասարակության արժեքային համակարգին, կան առաջարկներ, որոնք ժողովրդավարական զարգացման ներքո են և բնականաբար չի խանգարի, որպեսզի դրանք տեղ գտնեն մեր սահմանադրական նոր նախագծում: Կարծում եմ, որ առաջիկայում քննարկումները կշարունակվեն և Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որը երկար ժամանակ աշխատել է և, իմ կարծիքով, լավ աշխատանք է իրականացրել, որովհետև արդյունքում ստեղծվել է բավականին ընդգրկուն և Հայաստանի և հայկական իրականության բոլոր նրբությունները հաշվի առնող և լավ համադրված տեքստ, այնուամենայնիվ տարբեր դիրքորոշումները, որոնք տարբեր են քաղաքական ուժերի միջև կան, առաջիկա քննարկման ընթացքում ի մի կբերի, վերջնական տեսքի կբերի, այդ թվում նաև դրանում հաշվի կառնվի Վենձետիկի հանձնաժողովի տարբեր առաջարկներ: Անձամբ ես տարբեր առաջարկներ ներկայացրել եմ, դրանցից մեկն արմատապես հակասում է Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած առաջարկին` այն, ինչ հայտնի կերպով քննարկվում հասարակության մեջ»,- ասաց Արտակ Զաքարյանը: