«Թարմացրել ենք աշակերտների և ուսուցիչների գույքը՝ սեղան, աթոռ պահարան». Արմեն Աշոտյան
«Ինչպես գիտեք, ողջ հանրապետության տարածքում նախապատրասատական աշխատանքներ են տարվում՝ գալիք ուսումնական տարին հավուր պատշաճի դիմավորելու և մեր երեխաների համար լավագույն պայմանները ստեղծելու համար»,- այսօր Ավանի թիվ 170 դպրոց կատարած այցի ժամանակ այս մասին ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ այս ընթացքում նախարարությունը նաև ձեռնամուխ եղավ մի ծրագրի, որով փորձում են արձագանքել ուսուցիչների այն դժգոհություններին և խնդիրներին, որոնք առաջանում են աշակերտական հնամաշ կահույքի հետ կապված:
«Մենք որոշեցինք օգնել ավագ դպրոցներին, որտեղ ամենամաշվածն էր կահույքը, և հանրապետության բոլոր ավագ դպրոցների համար Համաշխարհային բանկի աջակցությամբ ձեռք բերեցինք շուրջ 24 հազար աշակերտական աթոռ, 12 հազար աշակերտական սեղան, նաև թարմացրեցինք ուսուցիչների գույքը՝ սեղան, աթոռ պահարան և այլն: Առաջացան խնայողություններ և մենք կարողացանք այդ ավագ դպոցներից զատ նաև կահույք մատակարարել խոշոր միջնակարգ դպրոցներին և միջնակարգ դպրոցների համար համապատասխան գույքը նույնպես հասանելի կլինի»,- ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ հին գույքի այն մասը, որը մաշված էր, պետք էր պարզապես օր առաջ «հոգին տար», իսկ մյուս մասը, որը դեռ պիտանի է, իրենք թույլ են տալիս դրանցով օգնել այն դպրոցներին, որոնք նաև այդ օգտագործած, բայց դեռևս պիտանի գույքի կարիքն ունեն:
«Իհարկե, դեռ կան խնդիրներ, դեռ չեմ կարող ասել, որ մենք բոլոր պահանջները բավարարել ենք, բայց մեծ քայլերով գնում ենք առաջ»,- հայտարարեց նախարարը: