Ջունգլը բերման կենթարկվի. ամբաստանյալները չէին ներկայացել իրենց վերաբերյալ գործով նիստին
Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեցին ազատամարտիկ Վարդան Թումանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործի քննությունը:
Դեպքի վերաբերյալ նույն դատարանում նույն դատավորի վարույթում երկու առանձին գործ է քննվում. մեկի շրջանակներում Վարդան Թումանյանի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել Սարգիս Ղուկասյանին և Գևորգ Սարգսյանին, մյուսի շրջանակներում՝ Վիկտոր Հովսեփյանին: Հիշեցնենք, որ 2014թ. հուլիսի 22-ին մանկապարտեզի բակում կնոջ և դստեր աչքի առաջ դաժան ծեծի ենթարկված Վարդան Թումանյանը գիտակցության չգալով մահացել էր:
Մեզ հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանն ասաց, որ դատարանն առաջարկել է երկու քրեական գործերը միացնել մեկ վարույթում. «Իրականում մեկ վարույթում միացնելը ժամանակի խնայողություն է, որովհետև պատկերացնո՞ւմ եք նույն վկաներին պետք է և այն գործով հրավիրեն, և այն մյուս գործով, և նույն հարցերի շուրջ պետք է հարցաքննեն: Եթե մենք գործերը միացնենք, ես կարծում եմ՝ ավելի արդյունավետ կլինի ժամանակի խնայողության առումով»:
Տիգրան Մուրադյանն ասաց, որ քրեական գործում կա երկու եզրակացություն՝ դատաբժշկական և հանձնաժողովային. «Դատաբժշկական փորձաքննությունը երբ իրականացվել է, փորձագետը (35 տարվա ստաժով փորձագետ) անմիջականորեն հետազոտել է դիակը, անմիջականորեն ուսումնասիրել է բոլոր հանգամանքները, իր եզրակացության մեջ նշել է մեթոդիկա, դրա գիտական հիմնավորվածությունը հասանելի է, կարդում և ընկալում ես, հետազոտությունների շարքն է նշել: Իսկ հանձնաժողովային փորձագետի եզրակացության մեջ ոչինչ չկա: Անկեղծ եմ ասում՝ ոչինչ չկա, ոչ մի մեթոդիկա գոյություն չունի»: Նրա խոսքով՝ փորձագետները նշել են, որ տուժողը բնածին արատ ունի. «Բայց այդ բնածին արատը պետք է հիմնավորվեր, չէ՞, ոչ թե ուղղակի ասվեր: Ոչ մի բնածին արատ էլ չի ունեցել մարդը, հանձնաժողովային եզրակացությամբ նշվել է՝ իբր անձը բնածին արատ է ունեցել, և այդ բնածին արատն է պատճառ եղել, որ նա մահացել է, այլ ոչ թե՝ այդ դաժան ծեծը:
Բայց առաջին փորձագետի եզրակացությամբ հստակ նշվել է, որ պատճառը եղել է այդ դաժան ծեծը, այսինքն՝ այս երկու եզրակացությունների մեջ կա էական հակասություն, և նախաքննական մարմինը ոչինչ չի կատարել այդ հակասության պայմաններում: Նույնիսկ անտեսել է մեր միջնորդությունները, այսինքն՝ մահվան հանգամանքների վերաբերյալ պատշաճ քննություն չի իրականացվել: Շատ հստակ է սա»: Փաստաբանը նշեց, որ այսօր դատարան է մուտք արել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն և ակնկալում է, որ դատարանի կողմից միջնորդությունը կբավարարվի:
Նշենք, որ ամբաստանյալներ Սարգիս Ղուկասյանն ու Գևորգ Սարգսյանը չէին ներկայացել այսօրվա դատական նիստին: Նրանց պաշտպանը նշեց, որ իրեն հայտնել են, որ թունավորվել են, վատառողջ են, ինքը դատարանի համարն է տվել, որ տեղեկացնեն նրան: Տուժողների հարազատները տեղեկացրին, որ տեղեկություն ունեն, որ Գևորգ Սարգսյանը՝ Ջունգլը, վթարի է ենթարկվել, «մենքենան ջարդուխուրդ է եղել», նա մարմնական վնասվածքներ է ստացել: Նախագահող դատավորը նշեց, որ մեկ այլ դատական նիստի էլ նրանք չեն ներկայացել, և նրանց բերման ենթարկելու որոշում կայացրեց:
Դատական նիստերը կշարունակվեն սեպտեմբերի 2-ին: