Ո՞ր տարիքից է ճիշտ սկսել սեռական կյանքը. Խորհուրդ է տալիս սեքսապաթոլոգը
«Հաշվի առնելով սեռական հասունության տատանումները՝ ցանկալի չէ, որ սեռական հարաբերությունը լինի 17-18 տարեկանից շուտ, որովհետև մինչև այդ տարիքը՝ դեռահասը դեռևս գտնվում է բուռն փոփոխությունների մեջ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ՝ նման տեսակետ հայտնեց բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Նա նաև պարզաբանեց, որ այդ տարիքում երիտասարդները տեղեկացված չեն, որովհետև շատ դեպքերում ուղղակի ուզում են շտապել. «Քանի որ իրենց ընկերներից լսել են, որ իրենք փորձել են, և այլն: Պետք է աշխատեն չշտապել, որովհետև լսելով ընկերների կողմից այդ գայթակղիչ զրույցները, պատանին ուզում է որքան հնարավոր է շուտ մտնել այդ դաշտ, ինչը կարող է վտանգավոր լինել»:
Հարցին՝ կա՞ որոշակի տարիք, որից հետո, եթե կինը կամ տղամարդը երբևէ սեռական կյանքով չի ապրել, կարող է առողջության համար վտանգավոր լինել, սեքսապաթոլոգը պատասխանեց, որ, եթե սեռական կյանքի «արշալույսն» ուշացած է, հնարավոր է՝ առաջանան որոշ խնդիրներ, հատկապես՝ նևրոզներ, զուտ այն պատճառով, որ անձը չունի իր անձնական կյանքը ու դրա մասին հաճախ լսում է. «Բայց ասել, որ շատ լուրջ ինչ-որ խնդիրներ կարող են առաջանալ, նույնպես չափազանցություն է, ցանկալի չէ, որ ընդհանրապես բացակայի սեռական կյանքը, որովհետև դա մարդու առողջության ինչ-որ մի մասնիկն է»: