
Թուրքական BOTAŞ օպերատորը նիստ է հրավիրել՝ կապված Կարսում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի պայթյունի հետ

Թուրքական պետական էներգետիկ BOTAŞ ընկերության վարչությունը նիստ է հրավիրել՝ կապված Թուրքիայի Կարս նահանգում քուրդ զինյալների կողմից պայթեցրած Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի մի հատվածի հետ:
Ինչպես հայտնել է APA-ին SOCAR-ի մամլո ծառայության ներկայացուցիչը, գազատարի օպերատոր BOTAŞ-ը պարբերաբար տեղեկացնում է SOCAR-ին գազատարի ընթացիկ վիճակի մասին: «Ներկայում ուսումնասիրվում են դետալները: BOTAŞ-ի տվյալով՝ վերականգնողական աշխատանքները կտևեն մի քանի օր»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ անցած գիշեր «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալները պայթեցրել են Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի մի հատված, որը գտնվում է Կարսի նահանգի Սարիղամիշ բնակավայրի մերձակայքում:
Թուրքական Anadolu գործակալությունը հայտնում է, որ Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը հաստատել է, որ ահաբեկչությունն իրականացրել են PKK-ի մոտ 20 զինյալ:
«Պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչական հարձակման հետևանքով: Ուժեղ հրդեհի հետևանքով դեռ չի հաջողվում մոտենալ դեպքի վայրին: Կատարվում են միջոցառումներ հրդեհը մարելու ուղղությամբ»,- ասել է Օզդեմիրը:
Նա հայտնել է, որ գազամատակարարումը դադարեցվել է:
Ուժեղ հրդեհը տեսանելի է անգամ հարևան Էրզրում նահանգից: