PKK-ի զինյալները Կարսում պայթեցրել են Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը
Թուրքիայի Կարս նահանգում զինյալները պայթեցրել են Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի մի հատված: Ինչպես հայտարարել է Կարսի նահանգապետը, ահաբեկչությունն իրականացրել են «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալները:
Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան Սարիղամիշի մերձակայքում: Հարձակմանը մասնակցել է մոտ 20 զինյալ: Տեղի հեռուստատեսության հաղորդմամբ՝ գազամատակարարումը դադարեցվել է, կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Դեպքի վայր են ժամանել Թուրքիայի անվտանգության ուժերի ստորաբաժանումները: Բոլոր հարակից շրջանները ժանդարմերիայի ու զինվորականների հսկողության ներքո են: Տեղեկություններ են հաղորդվել զինյալների հետ փոխհրաձգության մասին:
Բաքու-Թբիլիսի-Էրզրում (Հարավկովկասյան գազատար) գազատարը պաշտոնապես բացվել է 2007 թվականի մարտի 25-ին: Այն ունի 970 կմ երկարություն (442 կմ-ն՝ Ադրբեջանում, 248 կմ-ն՝ Վրաստանում ու 280 կմ-ն՝ վրաց-թուրքական սահմանից դեպի Էրզրում):