Բաժիններ՝

«Անմոռուկ» կրելու պատճառով «Herbalife»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրենը հեռացվել է աշխատանքից

«Herbalife»-ի հայաստանյան ներկայացուցչության նախկին տնօրեն Արամայիս Ալավերդյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել , որում մասնավորապես նշել էր, որ ընկերության տնօրինությունն իրեն հեռացրել է աշխատանքից՝ գրասեղանին և կոստյումի վրա Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ՝ «Անմոռուկը» տեղադրելու և փակցնելու համար:

Հեռացման հրամանի պաշտոնական ձևակերպման մեջ նշվում է, որ «Ֆիլուետ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի հունիսի 23-ին տեղի ունեցած ժողովը, ի թիվս այլնի, կայացրել է նաև հետևյալ որոշումը՝ 1. 24.06.2015թ.-ից դադարեցնել Ընկերության տնօրեն պարոն Արամայիս Ալավերդյանի լիազորությունները և ազատել նրան իր զբաղեցրած պաշտոնից:

Նույն օրն Արամայիս Ալավերդյանը ստացել է ծանուցում առ այն, որ իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է «Աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում» և, որ «2015 թվականի հուլիսի 24-ը կհանդիսանա Արամայիս Ալավերդյանի վերջին աշխատանքային օրը, իր հետ կկատարվի վերջնահաշվարկ և կվճարվի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծանուցման 35 օրյա ժամկետը չպահպանելու համար սահմանված տուժանքը…»:

168.am-ի հետ զրույցի ընթացքում նախկին տնօրենը հայտնեց, որ իրականում իրեն ներկայացված դժգոհությունները կապված չեն եղել աշխատանքային պարտականությունների հետ, այլ վերաբերել են այնպիսի հարցերի, որոնք չեն առնչվել նրա պարտականություններին և չեն գտնվել վերջինիս իրավասության շրջանակում:

Ըստ պարոն Ալավերդյանի՝ իրեն աշխատանքից ազատել են ընկերության ապրանքանիշից օգտվող քաղաքացիների քաղաքացիական շահերը պարբերաբար պաշտպանելու համար, իսկ ցեղասպանության խորհրդանիշ հանդիսացող «Անմոռուկի» հետ կապված միջադեպը Ալավերդյանը համարում է հակազգային քայլ:

Նախկին տնօրենի ֆեյսբուքյան հայտարարության մեջ նշվում է նաև, որ «տուժած հայրենասերը դատի է տվել իր ընկերության «հակահայկական» հիմնադիրներին», իսկ մեզ հետ զրույցի ընթացքում նա բացահայտեց նաև, որ «Herbalife»-ի հայաստանյան մասնաճյուղում ներգրավված այլազգի անկախ դիստրիբյուտորները պարբերաբար սպառնում են ՀՀ քաղաքացիներին:

Herbalayf

– Պարոն Ալավերդյան, երբվանի՞ց եք զբաղեցրել «Herbalife»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրենի պաշտոնը և մասնավորապես՝ ի՞նչ պարտականություններ եք ունեցել այդ պաշտոնում:

– Հայաստանում «Herbalife»-ի մասնաճյուղը բացվել է 2012 թ․ օգոստոսի 17-ին, ես տնօրեն եմ նշանակվել ընկերության բացման առաջին իսկ օրվանից «Ֆիլուետ Արմենիա» ՓԲԸ–ի հիմնադիրների կողմից, որ Հայաստանում «Հերբալայֆ» ապրանքանիշի ներկայացուցիչն է: Իմ պարտականությունների մեջ էր մտնում ծառայություններ մատուցել «Herbalife»-ի անկախ դիստրիբյուտորներին, ինչպես նաև՝ ի պաշտոնե զբաղվում էի ապրանքի ներմուծման, ձևակերպման, պահեստավորման, վաճառքի, և գրասենյակային բոլոր հարցերով։ Նաև պատասխանատվություն էի կրում «Ֆիլուետ Արմենիա» ՓԲԸ–ի գործունեության համար՝ համաձայն ՀՀ օրենսդրության։

– Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ ընկերության ներմուծած ապրանքը:

– Դրանք սննդային հավելումներ են, որոնք ընկերության և անկախ դիստրիբյուտորների խոսքերով՝ նպաստում են առողջ ապրելակերպին և օգնում ազատվել ավելորդ քաշից։

– Իսկ ո՞վքեր են անկախ դիստրիբյուտորներն ու ի՞նչ առաքելություն ունեն նրանք ընկերության ներսում:

– Անկախ դիստրիբյուտորներն ընկերության հետ առքուվաճառքի պայմանագիր կնքած անհատներ են, ովքեր ընկերությունից ձեռք են բերում ապրանքատեսականին և վերավաճառում են հասարակությանը, նրանք զբաղվում են նաև ներսում թիմերի կառուցման աշխատանքներով՝ ներգրավելով այդ թիմերում նոր մարդկանց։

– Ովքե՞ր են նրանք:

– Հայաստանում ներգրավված անկախ դիստրիբյուտորներից երկուսը հրեաներ են, մեկը ուկրաինայից է և մեկ հայայզգի՝ Բուլղարիայից: Նրանք գումար վաստակելու նպատակով խախտում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված մարդու իրավունքները, ինչի դեմ իմ պայքարն էլ դարձավ աշխատանքից հեռացման հիմնական պատճառը: Բանը նրանում է, որ ես բազմիցս հորդորել, պահանջել եմ նրանց ենթարկվել ՀՀ օրենսդրությանը և չխախտել ՀՀ օրենսդրությամբ սահմանված մարդու իրավունքները:

– Կմանրամասնե՞ք, հատկապես ի՞նչ խախտումներ են անում նրանք այստեղ:

– Անկախ դիստրիբյուտորների այդ քառյակը շանտաժի է ենթարկում մարդկանց, ստիպում է, վախեցնում և համոզում գնել «Հերբալայֆ» ապրանքատեսականին։ Ընտանիքների մեջ վեճեր են առաջանում, և ես հենց հիմա ձեռքիս տակ ունեմ փաստացի բազմաթիվ բողոքներ։ Կարող եմ տրամադրել դրանք պատկան մարմիններին, եթե դրանց կարիքը լինի: Կարևոր եմ համարում նաև նշել, որ մինչ այս քառյակի Հայաստան ժամանելը, Իսրայլից ևս մի անկախ դիստրիբյուտոր՝ ոմն Իրիս Անչեսը, քաղաքացիներից գումարներ է շորթել և դիմել է փախուստի։ Դիստրիբյուտորներից մեկը, ումից Իրիս Անչեսը նույնպես խաբերությամբ պարտքով 3000 ԱՄՆ դոլար է վերցրել, արդեն դիմել է պատկան մարմիններին։ Ցավոք, նրա գործունեության ընթացքում տուժածներից շատերի գործերը դեռևս բացահայտված չեն։

– Դուք ֆեյսբուքյան ձեր էջում այսօր հայտարարություն եք տարածել, ըստ որի՝ Ձեզ աշխատանքից հեռացրել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ հանդիսացող անմոռուկի համար: Կպարզաբանե՞ք, ինչո՞ւմն է խնդիրը:

– Ինչպես կհաստատեն իմ նախկին աշխատակիցները, «Հերբալայֆի»՝ վրաստանյան ներկայացուցիչը, ով ապրիլյան այդ օրերին Հայաստանում էր, պարտադրեց մեզ ՝ հայերիս, գրասենյակից հեռացնել Ցեղասպանության խորհրդանիշ համարվող անմոռուկը՝ մեկնաբանելով իբր, որ դա, ըստ իրեն՝ առնչվում է քաղաքականության հետ։ Նույն աշխատակցի կողմից նմանատիպ առաջարկ արվեց նաև հեռացնել կոստյումիցս անմոռուկի կրծքանշանը: Բնականաբար, չհանեցի կրծքանշանը և գրասենյակից չհեռացրի խորհրդանիշը։ Ես զայրացած էի և հայտարարեցի, որ ոչ ոք իրավունք չունի անարգելու իմ վիշտը և, որ այդ խորհրդանիշը կրել կամ չկրելն իմ իրավունքն է։

– Ինչո՞վ ավարտվեց այդ միջադեպը:

– Իսրայելից անկախ դիստրիբյուտոր Մարինա Խադաչնիկը չզսպելով իր զայրույթը, բոլորից գաղտնի մոտեցավ ինձ, պոկեց բաճկոնիս վրայի անմոռուկի կրծքանշանը և այն դնելով ձեռքիս մեջ՝ ասաց՝ այլևս չկրել այն։

– Պարոն Ալավերդյան, ինչո՞վ եք մեկնաբանում դիստրիբյուտորի նման պահվածքը:

– Իմ կարծիքով՝ դա բացահայտ հակաազգային քայլ է՝ անարգանք հայ ազգի, մեր պատմությունը, վշտի, և սովորույթների հանդեպ ։

– Որևէ քայլ նախատեսե՞լ եք արդեն:

– Այո: Ես 2 հայց եմ ներկայացրել դատարան՝ ինձ անօրեն և անհիմնա աշխատանքից հեռացնելու համար։ Առաջին հայցն ընդունելուց հետո դատարանը որոշել է առաջին լսումը նշանակել հոկտեմբերի 24-ին։ Երկրորդ հայցը հանձնել եմ օգոստոսի 21-ին։ Սպասում եմ դատարանի պատասխանին։

Հ.Գ. Տեղեկացնենք, որ «Ֆիլուետ Արմենիա» ՓԲԸ-ն «Ֆիլուետ գրուպի» հայաստանյան մասնաճյուղն է, որ ներկայացնում է «Հերբալայֆ» ապրանքանիշը և ծառայությունները մատուցում է գրասենյակից։ Խիստ ուշագրավ է, որ ընկերության առաջին բաժնետերերը հրեաներ են՝ Ալեքս Ռաշկովի գլխավորությամբ, ով համարվում է ընկեության հիմնադիրը: Բաժնետերերի երկրորդ խումբը ռուսներ և կիպրոսցիներ են: «Ֆիլուետ» գրուպն իրավաբանորեն բացված է օֆշորի գոտում՝ Կիպրոսում: «Ֆիլուետ» գրուպի բոլոր հարցերով զբաղվում է գլխավոր տնօրեն Մարիոս Յակովոուն, ով ազգությամբ կիպրոսցի և բնակվում է Կիպրոսում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս