Բաժիններ՝

«Դա, իրոք, հանրային ճնշման արդյունք էր». Մաքսիմ Սարգսյանը՝ ոստիկանի ներողության մասին

Ինչպես հայտնի է, այսօր 1.in.am-ի հետ զրույցում «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ տարեց մարդուն ապտակած ոստիկանը ներողություն է խնդրել հանրությունից և իր կոլեգաներից իր ոչ պրոֆեսիոնալ վարքի համար:

Հիշեցնենք, որ Քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչները շաբաթ օրը հավաքվել էին ոստիկանության Կենտրոնականի շենքի մոտ՝ պահանջելով պատժել տարեց ցուցարար Հակոբ Նազարի-Դեխնավիին ապտակած ոստիկան Արթուր Վարդգեսյանին, ինչպես նաև, որ վերջինս ներողություն խնդրի Հակոբ Նազարի-Դեխնավիից և հանրությունից իր վարքագծի համար։

168.am-ի հետ զրույցում «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ իրենց պահանջը եղել էր, որ մինչև երկուշաբթի երեկո ոստիկանը ներողություն խնդրի, ինչը եղավ. «Այսինքն՝ այդ մասով այս պահին բավարարված ենք գոնե, ինքը ընդունում է իր սխալը, ընդունում է, որ ինքը ոչ պրոֆեսիոնալ է գործել, լրագրողի մնացած հարցերին չպատասխանելը դա իր իրավունքն է: Մեր պահանջը եղել էր ներողություն խնդրելը, ինչն ինքը արեց»:

Հարցին՝ ոստիկանի այդ քայլը համարո՞ւմ եք հանրային ճնշման ազդեցություն, Մաքսիմը պատասխանեց, որ դա իրոք ճնշման արդյունք էր. «Որովհետև եթե հանրությունը չճնշեր, բնականաբար, ինքը ներողություն չէր խնդրի: Նրա արարքը բավականին լայն բացասական արձագանք գտավ հանրության մեջ»:

Հարցին էլ՝ այն, որ չորս աշխատանքային օրից հետո պատրաստվում էիք բողոքի ակցիա իրականացնել, մնո՞ւմ է ուժի մեջ, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Չէ, էդ մասով չենք կարող ասել՝ մինչև ուրբաթ օրը ծառայողական քննությունն ավարտվի, որից հետո արդյունքները լինեն, հիմա կան որոշակի տեղեկություններ, բայց պաշտոնական հաղորդագրություն ոտիկանության կողմից դեռ չկա: Դրանից հետո կշարժվենք առաջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս