
Ջիհադի Ջոնը խոստացել է վերադառնալ Մեծ Բրիտանիա ու շարունակել «գլուխներ կտրել»

ԴԱԻՇ-ի առավել հայտնի դահիճը՝ Մուհամմեդ Էմվազին, ով հայտնի է որպես Ջիհադի Ջոն, առաջին անգամ ցուցադրել է իր դեմքը, գրում է The Daily Mail-ը:
Ավելի քան 1 րոպե տևողության տեսանյութում տղամարդն ասում է, որ իր անունը Մուհամմեդ Էմվազի է: Նա խոստանում է մոտ ապագայում «վերադառնալ Մեծ Բրիտանիա խալիֆի (Աբու Բաքր ալ-Բաղդադի) հետ ու շարունակել գլուխներ կտրել»
The Daily Mail-ը նշում է, որ տեսանյութը գաղտնի նկարահանել է Սիրիայի ազատ բանակի զինյալներից մեկը, ապա այն փոխանցել իր գործընկերոջը, ով գտնվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Վերջինս էլ տեսանյութը ուղարկել է Բուլղարիայի հակաահաբեկչական ոստիկանությանը: Այդ տեսանյութի իրական լինելը դեռ չի հաստատվել, սակայն փորձագետները հայտարարում են, թե Էմվազիի ու տեսագրության մեջ առկա տղամարդու միջև կան նմանություններ:
Համարվում է, որ Ջիհադի Ջոնը Մուհամմեդ Էմվազիի կեղծանունն է, վերջինս ծնվել է 1988-ին Քուվեյթում, 1994 թվականին մեկնել է Մեծ Բրիտանիա: Ենթադրվում է, որ նա Սիրիա է մեկնել 2012-ին ու համալրել ԴԱԻՇ-ի շարքերը:
Ջոնը մահապատժի է ենթարկել մի քանի օտարերկրացու: Վերջինս համարվում է ամենահետախուզվող հանցագործն աշխարհում: