
8 արևելաեվրոպական երկիր պայմանավորվել է հետաքննել կոմունիզմի հանցագործությունները

8 արևելաեվրոպական երկրների արդարադատության նախարարությունները Տալլինում համաժողովի ժամանակ համաձայնեցրել են համատեղ հայտարարությունը՝ ստեղծել միջազգային գործակալություն, որը հետաքննելու է կոմունիզմի հանցագործությունները: Նման որոշման մասին է հայտնում Էստոնիայի արդարադատության նախարարությունը:
Որոշումը կայացվել է օգոստոսի 23-ին՝ այն օրը, երբ նշվել է Մոլոտով-Ռիբենտրոպի պակտի ստորագրման 76-րդ տարելիցը, հայտնում է apsny.ge-ն:
Էստոնիայի արդարադատության նախարար Ուրմաս Ռեինսալուն նշել է, որ «մարդիկ պետք է իմանան նացիզմի ու կոմունիզմի հանցագործությունների հետևանքով միլիոնավոր մարդկանց տառապանքների մասին»:
Պաշտոնյան հիշեցրել է, որ նացիստական հանցագործությունները դատապարտվել են միջազգայնորեն Նյուրնբերգյան դատավարությունից հետո, միևնույն ժամանակ, կոմունիստական ռեժիմի հանցագործությունների հետաքննություն չի իրականացվել:
Էստոնական գաղափարին աջակցել են Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի ու Վրաստանի արդարադատության նախարարությունների ներկայացուցիչները: