«Մենիշխանություն այլևս չի կարող լինել». Արմեն Ռուստամյան
Սահմանադրությունը փոխելու պահանջը եղել է 25 տարի, գործող համակարգը մենիշխանություն ծնող և մենիշխանության տանող համակարգ է: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«Մենիշխանություն այլևս չի կարող լինել, խորհրդարանական համակարգը բացառում է, որ մեկը ստանա ամեն ինչ, մյուսը՝ ոչինչ»,- ասաց Ա.Ռուստամյանը:
Կարևորելով իշխանության ապակենտրոնացումը՝ Ա.Ռուստամյանը նշեց, որ նոր համակարգի դեպքում որևէ պաշտոնյա չի գտնվի, որ ունենա այն լիազորությունները, որ այսօր ունի ՀՀ նախագահը. «Ապակենտրոնացման մասին պետք չէ խոսել, ոչ թե որ ինչ-որ մեկը կկենտրոնացնի իր ձեռքում իշխանությունը: Իշխանափոխության խնդրի առումով լավագույնս արձանագրված է, որ ընտրակարգը պետք է փոխվի, և ընտրական փոփոխություններ պահանջողների համար լավագույն դաշտն է բացվում աշխատելու»:
«Խաղի կանոնները փոխվել են, բոլորովին այլ որակի Հայաստան ենք ունենալու այս Սահմանադրությունից հետո»,- վստահեցրեց Ա.Ռուստամյանը՝ հավելելով, որ բացարձակապես գոյություն չունի որևէ դրույթ, որ տանում է մենիշխանական կառավարման: