«Այս փաստաթուղթը մեզ բավարարում է». Աղվան Վարդանյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

«Այս փաստաթուղթը մեզ բավարարում է, թեև ունենք բազմաթիվ առաջարկություններ և մենք ամեն ինչ անելու ենք՝ և հանրության հետ հանդիպումների առումով, որ մեր ժողովուրդն ընդունի նոր Սահմանադրությունը, և մենք գնանք նոր ուղիով: Այս փաստաթուղթը լուծելու կամ լուծելու հիմքեր է ստեղծելու մեր երկրում առկա խնդիրները»,- այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին:

Ըստ նրա՝ այս ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվ առաջարկություններ է ներկայացրել և նախագծի վերջին հրապարակված տարբերակում դրանցից հենակետայիններն ընդունվել են, բայց դեռ կան առաջարկեր, ամեն դեպքում՝ նախագիծը 90-95% համապատասխանում է ՀՅԴ պատկերացրածին: Ա.Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ 7 առաջնահերթություններից 3-ը քաղաքական էին՝ անցում խորհրդարանական համակարգին, անցում 100% համամասնական ընտրակարգին, այնպիսի համակարգի ընդունում, որ ընդդիմությունն իշխանության վրա ազդելու ռեալ լծակներ ունենա.

«Այս երեք հիմնական սկզբունքները ավելիով արտացոլված են Սահմանադրության տեքստում: Կարող ենք արձանագրել, որ իբրև քաղաքական ուժ, մեր մոտեցումները հաղթանակել են, չունենալով իշխանություն, չլինելով իշխանության մեջ, ԱԺ-ում միայն 5 պատգամավոր ունենալով, սրանից ավելի պատկերացնել հնարավոր չէր: Այս փուլում մենք շատ ենք կարևորում բովանդակային քննարկումները»:

Ա.Վարդանյանը քաղաքական ուժերին ու քաղաքացիական հասարակությանը կոչ արեց մտնել բովանդակային քննարկումների մեջ: Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների քաղաքական պահանջ եղել է միշտ, իսկ հասարակական պահանջը ներկայացնում է քաղաքացիական հասարակությունը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս