Բաժիններ՝

Հայտնաբերվել է նացիստական զրահագնացք՝ 300 տոննա ոսկով. ԶԼՄ-ներ

Լեհական ԶԼՄ-ները հայտնել են անհավանական գտածոյի մասին՝ երկու տղամարդ հայտնաբերել են Երրորդ ռայխի ժամանակվա զրահագնացք՝ լի ոսկով: Համարվում է, որ գնացքն անհետացել է 1945 թվականին Վրոցլավ քաղաքից ոչ հեռու:

Ինչպես հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով լեհ լրագրողներին, բացի ոսկուց, գնացքում եղել են նաև թանկարժեք զարդեր ու զենք:

Գանձերը հայտնաբերած տղամարդիկ՝ մի լեհ ու գերմանացի, հայտարարել են, որ ցանկանում են իրենց վերցնել հայտնաբերված գանձի 10%-ը՝ մասնաբաժին, որը նրանց հասնում է ըստ օրենքի:

Լեհական ԶԼՄ-ները նշում են, որ գանձերով լի գնացքի մասին լեգենդները վաղուց են պտտվում: Այն իբր անհետացել է Քսենժ դղյակից ոչ հեռու: Գտածոյի մասին տեղեկությունը հայտնել է Վալբժիխ քաղաքում գտնվող իրավաբանական ընկերությունը, որը գտնվում է դղյակից 3 կմ հեռավորության վրա:

Քաղաքի իշխանությունները կասկածով են վերաբերվում աղմկահարույց նորությանը, այդուհանդերձ, անհետացած գնացքի հայտնաբերման վայր են ուղարկել զինվորականների, Ոստիկանության, իրավաբանների ու հրշեջների:

«Տվյալ տարածքում երբեք չեն արվել պեղումներ, այնպես որ, մենք չգիտենք, թե ինչ կարող ենք այնտեղ հայտնաբերել»,- ասել է քաղաքային ադմինիստրացիայի ներկայացուցիչը:

Որոշ լեհական լրատվական կայքերում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ գնացքն ունի 150 մ երկարություն, ու դրանում կարող է լինել մինչև 300 տոննա ոսկի:

Պատմաբան Ջոաննա Լամպարսկան պատմել է Վրոցլավի ռադիոյին, որ գնացքը, ենթադրաբար, անհետացել է թունելում: Անցյալում պեղումները ոչ մի արդյունք չեն տվել:

Ընդունված է կարծել, որ մինչ Կարմիր բանակի գալը ֆաշիստները փորձել են գանձերը դուրս հանել զրահագնացքով:

Նրանք գնացքն ուղարկել էին Ներքին Սիլեզիի բազմաթիվ թունելներից մեկով, որից գնացքն այդպես էլ դուրս չէր եկել:

Այդուհանդերձ, հատուկ հանձնաժողովը ստուգում է գտածոյի մասին հայտարարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս