«Բոլոր դատողությունները, ԱՄՆ դեսպանի միջամտության մասին, անհիմն են». Հերմինե Նաղդալյանը

Ասում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը

Տիկին Նաղդալյան, օրերս մամուլում չճշտված տեղեկատվություն հրապարակվեց, իբրև Դուք հրաժարվել եք Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավարումից` ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հորդորով, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների ու հանրային քննարկումների առիթ դարձավ: Իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք նման շշուկները:

– Առհասարակ, ճիշտ կլիներ, որ մեր հանրային քննարկումները և լրատվական դաշտը զերծ մնային չճշտված տեղեկատվությունների, հորինված վարկածների հրապարակումից, առավել ևս, երբ դրանք վերաբերում են միջպետական հարաբերություններին, կամ երկրի համար կարևոր այլ հարցերի: Ինչ վերաբերում է կոնկրետ այս հրապարակմանը, ապա ասեմ, որ այն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Հայ-ամերիկյան բարեկամական խմբի ղեկավարի փոփոխության համար միակ պատճառ է հանդիսացել իմ բազմազբաղությունը, քանի որ հանդիսանում եմ ՝ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Հայաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իապանիա բարեկամական խմբերի ղեկավար, ունեմ բավական մեծ ծանրաբեռնվածություն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում և այլ խորհրդարանական և կուսակցական պարտականություններ: 2014 թվականի ամռանից ղեկավարում եմ նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը և այդ իմաստով, իսկապես, աշխատում եմ մեծ ծանրաբեռնվածությամբ: Այդ համատեքստում` իմ գործրնկեր Սամվել Նիկոյանի հետ իմ աշխատասենյակում, մի քննարկման ժամանակ, իր կողմից եղավ առաջարկ` աշխատելու որպես Հայ-ամերիկյան խմբի ղեկավար, որը ինձ համար շատ ընդունելի էր: Մենք միասին այդ թեման քննարկեցինք ԱԺ նախագահի հետ և ստացանք նրա համաձայնությունը: Դրա արդյունքում ԱԺ նախագահի կողմից կայացվեց համապատասխան որոշում և ս.թ. ապրիլի 17 –ին ստորագրվեց բարեկամական խմբի ղեկավարի փոփոխության մասին կարգադրությունը , որը հանդիսանում է բացառապես ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունը:

Մնացած բոլոր դատողությունները՝ թե՛ ԱՄՆ դեսպանի միջամտության մասին (որը այդ օրերին նոր-նոր էր սկսում իր պաշտոնավարումը Հայաստանում), թե՛ «Գրիբոյեդով» ակումբի մասին (որին ես չեմ անդամակցում) և թե մնացած թեմաներով` բացարձակ անհիմն են և անտեղի: Բարեկամական խմբի ղեկավար եղած ժամանակ ունեցել եմ հրաշալի աշխատանքային և բարեկամական հարաբերություններ թե ԱՄՆ դեսպանի և թե դեսպանության աշխատակազմի հետ:

Հայաստանը ինքնիշխան պետություն է, իր խնդիրները լուծում է իր պետական շահերին համապատասխան ,վարել և վարում է պետականամետ և հավասարակշռված քաղաքականություն միջազգային ասպարեզում, և դա նկատվում ու գնահատվում է ինչպես գործընկեր-պետությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից:

 

Տեսանյութեր

Լրահոս