Հարավային ու Հյուսիսային Կորեաները պայմանավորվել են արտահերթ բանակցություններ անցկացնել
Հարավային ու Հյուսիսային Կորեաները պայմանավորվել են արտահերթ բանակցություններ անցկացնել ճգնաժամի կարգավորման համար, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը:
Բանակցությունները պետք է տեղի ունենան սահմանային Փխանմունջոմ գյուղում՝ Երևանի ժամանակով ժ. 13.00-ին, այսինքն՝ Սեուլին Փխենյանի կողմից առաջադրված վերջնագրի ժամկետի սպառումից 1 ժամ ուշ:
Հիշեցնենք, որ այսօր Սեուլը Հյուսիսային Կորեային մեղադրեց երկու երկրների միջև ապառազմականացված գոտում հաուբիցների տեղակայման մեջ՝ նշելով, որ հյուսիսկորեացի զինվորականները, ամենայն հավանականությամբ, պատրաստվում են հարված հասցնել:
Կորեայի Հանրապետության զորքերը ԱՄՆ-ի հետ համատեղ պայմանավորվել էին միջոցառումներ ձեռնարկել Հյուսիսային Կորեային զսպելու ուղղությամբ ու ցուցաբերել «հզոր դիմադրություն»:
Իրավիճակը երկու երկրների սահմանին լարվել էր այն բանից հետո, երբ հյուսիսկորեացի զինվորականները փորձել էին ոչնչացնել բարձրախոսը, որի միջոցով Հարավային Կորեան հեռարձակում էր քննադատական ելույթներ Փխենյանի ռեժիմի հասցեին:
Հարավային Կորեայի իշխանությունները հրաժարվել էին իրականացնել Հյուսիսային Կորեայի պահանջը, այն է՝ հանել բարձրախոսը:
Նախօրեին Հյուսիսային ու Հարավային Կորեաների սահմանին տեղի էր ունեցել հրետանային կրակի փոխանակություն:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել էր զորքերը բերել մարտական բարձր պատրաստության: