Արսեն Բաբայանն արձագանքել է Արամ Մանուկյանի հայտարարություններին
ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում անձնավորված գնահատականներ է հնչեցրել ՀՀ ԱԺ նախագահի հասցեին` նշելով, թե չկա այնպիսի տարբերակ, որ սահմանադրական հանրաքվեն կայանա սեպտեմբերին։ Արամ Մանուկյանը նաև հայտնել է, թե իրենք փորձելու են «վիժեցնել» սահմանադրական փոփոխությունները։
Այս մասին «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից, ով պատասխանել է. «Գիտեք, եթե Արամ Մանուկյանն իր վարքագծի հետ խնդիրներ ունի, ապա դրա լուծումը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի լիազորությունների շրջանակում չէ: Իսկ հանրաքվեի ժամանակը ժամադրություն չէ, որ այն անձի որոշումներով կայանա: Հանրաքվեն օրենսդրության սահմաններում կկայանա ճիշտ ժամանակին: Ինչ վերաբերում է իրենց կողմից «վիժեցնելու» փորձերին, ապա դա գինեկոլոգիական խնդիր է, ոչ թե քաղաքական»: