Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել նոյեմբերի 1-ին
Թուրքիայի ընտրական հանձնաժողովն առաջարկում է երկրի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել նոյեմբերի 1-ին, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէր կարողացել համաձայնության գալ «Ազգային շարժում» կուսակցության (MHP) հետ կոալիցիոն կառավարության ստեղծման շուրջ, ինչը անհրաժեշտ էր կառավարության ձևավորման համար:
Թուրքիայի կառավարության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն երեկ վերադարձրել է կառավարության ձևավորման մանդատը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Reuters-ի հաղորդմամբ՝ եթե Թուրքիայի կառավարությունը չձևավորվի մինչև օգոստոսի 23-ը, ապա Թուրքիայի նախագահը կցրի Դավութօղլուի ադմինիստրացիան:
Նշենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը կոալիցիոն կառավարության ձևավորման անհաջող քայլերի ֆոնին սրընթաց շարժվում է դեպի արտահերթ ընտրություններ:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցել էին 20 քաղաքական կուսակցություններ: Քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 53 մլն ընտրող:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն ստացել էր ընտրողների ձայների 40,9 տոկոսը, ԺՀԿ-ն՝ 25 տոկոս, «Ազգային շարժում» կուսակցությունը՝ 16,3 տոկոս, իսկ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ստացել էր ընտրողների 13,1 տոկոսի ձայնը: