«Մենք այսպիսի ծրագրի սպասել ենք տասը տարի». Արթուր Աղաբեկյան

Օգոստոսի 19-ին «Համաբուհական բանակում» ծրագրի շրջանակում ուսանողները հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ:

Փոխվարչապետը իր բացման խոսքում ողջունեց ուսանողներին, այնուհետև փոքրիկ դասախոսությամբ ուսանողներին ներկայացրեց Արցախի պատմության ամենակարևոր էջերը, կիսվեց հերոսամարտի կենդանի հուշերով:
Նա, խոսելով «Համաբուհական բանակում»-ի մասին, նշեց, որ այսպիսի ծրագրերի առաջարկներին Արցախի իշխանությունները սպասել են ոչ թե մեկ-երկու, այլ երկար տարիներ շարունակ:

‹‹Այս ծրագիրն արդեն առաջին քայլերն արել է և վստահաբար դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Ես այնքան եմ շահագրգռված նման ծրագրերի իրականացման հարցում, որ միանգամից առաջարկում եմ իմ պատրաստակամությունը ծրագրի իրականացմանն ու կայացմանը նպաստելու գործում: Այսօր շատ կարևոր է նման ծրագրերի իրականցումը հատկապես Արցախում, քանի որ երիտասարդների միջև նոր կամուրջներ ստեղծելու մեծ հնարավորություն է տրվում, որը հետագայում պիտի օգնի պաշտպանական մարտահրավերներին միասնաբար դիմակայելուն››:

Արթուր Աղաբեկյանի խոսքով՝ թեև ծրագիրը երկար տարիների պատմություն չունի, բայց կարողացել է գրանցել դրական փոփոխություններ, լավագույն ապացույցը նախորդ տարվա ներբուհական ծրագրի համաբուհական դառնալն է: Արթուր Աղաբեկյանի խոսքից հետո ուսանողները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները՝ կապված ԼՂՀ պաշտպանական խնդիրներին, հարևան երկրների միջև լարված իրավիճակին, Հայաստան-Արցախ հարաբերություններին:

«Համաբուհական բանակում 2015»-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ներկայացնող Ազատ Մալխասյանը կարևորեց այսպիսի հանդիպումների դերը. «Հանդիպումն անցավ ընկերական, ջերմ միջավայրում: Ամենակարևորն այն էր, որ մեզ հուզող հարցերին տրվում էին սպառիչ պատասխաններ»:

Իսկ «Համաբուհական բանակում 2015»-ի աշխատակազմի անդամ, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի աշխատակից Լուսինե Համբարյանը նշեց.
«Նման հանդիպումները երիտասարդության հետ բավականին արդյունավետ են. երիտասարդները ստանում են իրենց հուզող հարցերի պատասխանները, իսկ քաղաքական այրերի համար ավելի շոշափելի է դառնում այս կամ այն հարցրի վերաբերյալ երիտասարդների տրամադրվածությունը: Բացի այդ՝ նման հանդիպումների ընթացքում հաճախ համատեղ ջանքերով բացահայտվում են նոր խնդիրներ և տրվում լուծման ուղիներ»:

Նշենք նաև, որ «Համաբուհական բանակում 2015»-ը կազմակերպվել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի, Ուսանողական խորհրդի, Ուսանողական գիտական ընկերության աջակցությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

 

Տեսանյութեր

Լրահոս