
Ավելի քան 1000 երեխա է սպանվել կամ վիրավորվել Եմենում կոնֆլիկտի հետևանքով. ՄԱԿ

Ավելի քան 1000 երեխա է սպանվել կամ վիրավորվել Եմենում զինված կոնֆլիկտի ժամանակ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով օգնական Սթիվեն Օ’Բրայենը:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ օգնության կարիք ունի այդ արաբական երկրի բնակչության 80%-ը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Զեկուցելով ՄԱԿ-ի ԱԽ-ին Եմեն ուղևորության արդյունքերի մասին՝ Օ’Բրայենը հայտարարել է, որ ականատես է եղել մարդկանց «աներևակայելի» տառապանքների:
«Ես ցնցված էի այն բանից, ինչ տեսա: Քաղաքացիական բնակչությունը կրում է այդ կոնֆլիկտի ծանր բեռը: Ամեն 5 եմենցուց 4-ը ունի մարդասիրական օգնության կարիք: Ավելի քան հազար երեխա է սպանվել կամ վիրավորվել, իսկ երիտասարդների թիվը, որոնք ներգրավվում են մարտական գործողություններին, շարունակում է ավելանալ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը:
Նա կոչ է արել կոնֆլիկտի կողմերին երաշխիքներ ներկայացնել, որ հնարավոր լինի բնակչությանը մարդասիրական օգնություն ուղարկել: