«Գագիկ Աբրահամյանը մարդասպան չէ». պաշտպան
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Երևանում մահվան ելքով միջադեպի գործի քննությունը:
Քրեական գործի շրջանակներում Գագիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ բնակարանի դռան դիմացի աստիճանահարթակում, իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու և իրենց անհանգստացնելու կապակցությամբ ծագած վիճաբանության ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել տուժողի կենսական կարևոր օրգաններ հանդիսացող դեմքի, կրծքավանդակի առաջնային, հետին մակերեսների և որովայնի շրջանում՝ սպանելով նրան:
Գագիկ Աբրահամյանի պաշտպան Արմեն Մելքոնյանի խոսքով`նրա արարքին սխալ իրավական որակում է տրվել. «Գագիկ Աբրահամյանը մարդասպան չէ: Գագիկ Աբրահամյանն ուղղակի իր տունն ու ընտանիքին է պահել ու պաշտպանել»: Նրա խոսքով` այս դեպքում գործ ունենք անհրաժեշտ պաշտպանության հետ, քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր: