Բաժիններ՝

«Կհավաքենք մեր շենքի առաջ, ինչպես Բաղրամյանում, ու կսարքենք այն, ինչ եղավ այնտեղ, բայց` ոչ հետնահանջով…». ասում են Տերյան 23, Տերյան 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչները

Ինչպես հայտնի է, Տերյան 23, Տերյան 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչները շուրջ մեկ ամիս առաջ երթով գնացել էին դեպի նախագահական նստավայր ու իրենց պահանջները ներկայացնող նամակը և դրան կցված 18 հազար ստորագրությունները հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Շենքերի բնակիչների բողոքի ակցիաները ղեկավարող, բնակիչ Վարդան Գերավետյանը 168.am-ին հայտնեց, որ մոտավորապես մեկ շաբաթ առաջ ստացել են նախագահին ուղղված իրենց նամակի պատասխանը, բայց ոչ թե նախագահից, այլ՝ Քաղաքապետարանի շինարարության գծով բաժնի վարիչ Արտակ Աբրահամյանից:

Հիշեցնենք, որ վերոնշյալ շենքերի քանդման խնդիրը ծագել է դեռևս 2007 թվականի մարտի 1-ից և մինչ օրս լուծում չի ստացել: Շենքերի բնակիչները, արդեն 8.5 տարի է՝ տարբեր բողոքի ակցիաներով, պատկան մարմիններին նամակներ ուղարկելով՝ խնդրում են չքանդել իրենց շենքերը՝ բերելով տարբեր փաստեր այն մասին, որ այդ շենքերը վթարային չեն: Հիշեցնենք նաև, որ նախագահին ուղղված նամակում շենքի բնակիչները խնդրել էին, որպեսզի այդ շենքերը պահպանվեն, բարեկարգվեն և ճանաչվեն որպես պատմամշակութային համալիր, քանի որ, ըստ նրանց, այնտեղ ապրել են նշանավոր բազմաթիվ մարդիկ:

Նախագահին ուղղված նամակում բնակիչները նաև նշել էին, որ պատրաստ են իրենց միջոցներով այդ շենքերը վերանորոգել, եթե պետությունը չունի դրա հնարավորությունը:

«Պատասխանը եկել է ոչ թե Նախագահից, այլ քաղաքապետարանի բաժնի վարիչ Արտակ Աբրահամյանից, որ իրացման գործընթաց է գնում, ամեն ինչ գնում է Կառավարության 958 N որոշման հիման վրա, և երկրորդ հարցը, ինչը վերաբերում է կռունկին, գրել են, որ շենքը շահագործման հանձնված է, իսկ կռունկը ներքին աշխատանքների համար է օգտագործվում, որն անհեթեթություն է, հանցագործություն է, որովհետև երբ շենքը շահագործման հանձնում են, և ներսում մարդիկ են գալիս բնակվում կամ ինչ-որ օֆիսներ կան, այդ ժամանակ կռունկը հանում են և ընդամենը ամբարձիչ են դնում, որն օգնում է ներքին աշխատանքները կատարելու ժամանակ, որովհետև այդ կռունկի վրայից կարող է ինչ-որ բան ընկնի մեկի գլխին ու այդ մարդը մահանա»,- մեզ հետ զրույցում ասաց Վ. Գերավետյանը՝ նշելով, որ ստացվում է՝ իրենց բարձրացրած բոլոր հարցերի և 18 հազար ստորագրության վրա նախագահը «թքած» ունի:

Նա նշեց, որ այս պատասխանը, սակայն, դեռ ոչինչ չի նշանակում, իրենք շարունակելու են ստորագրահավաքը, քանի որ կարծում են, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին. «Եթե մի քանի հոգի բռնազավթել են իշխանությունը ու մտածում են, որ իրենցն է, նրանք չարաչար սխալվում են: Մենք էլի դիմելու ենք ժողովրդին, էլի քվեն հավաքելու ենք»:

Մեր այն հարցին, թե եթե այդ 18 հազար մարդու ստորագրությունը հաշվի չի առնվել, արդյոք դա չի՞ նշանակում, որ միայն ստորագրավահաքով ինչ-որ արդյունքի հնարավոր չէ հասնել, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Բայց մենք այդ ստորագրահավաքը չենք անում նախագահի կամ վարչապետի համար, եթե իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն ուղղակի ձևով իր դիրքորոշումը հայտնում է, ուրեմն՝ մենք, այդ ժողովրդի կարծիքը հավաքելով, այդ ժողովրդին էլ կհավաքենք մեր շենքի առաջ, ինչպես Բաղրամյանում, ու կսարքենք այն, ինչ եղավ այնտեղ, բայց՝ ոչ հետնահանջով: Մինչև վերջ կգնանք, ինչպես արեցին Ուջանի, Կարբիի բնակիչները»:

Մեր ճշտող հարցին էլ՝ առաջիկայում ցույցեր, նստացույցեր անելո՞ւ եք, Վ. Գերավետյանը պատասխանեց, որ անպայման անելու են. «Անպայման, ցույցեր կլինեն, նստացույցեր դժվար թե անենք, բայց եթե փորձեցին ուժային ինչ-որ բաներ կիրառել մեր բնակիչների վրա, շուրջօրյա նստացույցեր են լինելու՝ ի պաշտպանություն շենքի: Դրանով ստիպելու ենք այս մարդկանց աշխատել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս