
Սլովակիան իր երկիր կընդունի միայն Սիրիայի քրիստոնյա փախստականներին

Սլովակիայի կառավարությունը հայտարարել է, որ իր երկիր կընդունի միայն Սիրիայի քրիստոնյա փախստականներին, քանի որ մուսուլմանները չեն կարողանա ինտեգրվել հասարակությանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եվրամիության պլանով՝ մոտ 40 հազար փախստական պետք է տեղաբաշխվի ամբողջ ԵՄ տարածքում քվոտային համակարգով:
Այսպես, Սլովակիան պետք է ապաստան տրամադրի 200 փախստականի, որոնք ներկայում գտնվում են Իտալիայի, Թուրքիայի ու Հունաստանի ճամբարներում:
«Մենք ցանկանում ենք օգնել Եվրոպային լուծելու միգրացիայի խնդիրը: Մենք կարող էինք ընդունել 800 մուսուլմանի, սակայն Սլովակիայում չկան մզկիթներ: Ինչպե՞ս կարող են մուսուլմաններն ինտեգրվել, եթե նրանց այստեղ դուր չգա»,- ասել է Սլովակիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իվան Մետիկը:
Բրատիսլավայում հայտարարում են, որ կրոնի մասին հարցեր կտան փախստականներին: Մետիկի խոսքով՝ այդ քայլը չի պարունակում խտրականություն:
Նրա խոսքով՝ նպատակը հասարակության միասնությունը պահպանելն է: