Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հայտարարություն-կոչը՝ ԶԼՄ-ներին
Հիմք ընդունելով 21-րդ դարում տեղեկատվության մատուցման մեթոդների և ԶԼՄ-ների աճող ազդեցությունը հասարակական գիտակցության, ինչպես նաև բնակչության հոգեկան առողջության վրա,
Հաշվի առնելով վերջին շրջանում ԶԼՄ-ների կողմից դժբախտ պատահարների, սպանությունների, ինքնասպանությունների, ինչպես նաև հանցագործությունների կամ մասնագիտական սխալների մասին չապացուցված տվյալների և ենթադրությունների լայնածավալ և ահագնացող մասշտաբի լուսաբանումները, որոնք, որևիցե օգուտ չտալով լրատվամիջոցների սպառողներին, միայն անհանգստության, լարվածություն, հուսահատություն և տագնապ են առաջացնում,
Կոչ ենք անում ԶԼՄ-ներին՝
իրենց ամենօրյա աշխատանքներում դժբախտ պատահարների, բռնությունների, սպանությունների, ինքնասպանությունների, չապացուցված հանցագործությունների, ինչպես նաև մասնագիտական գործունեության ընթացքում ենթադրվող սխալների վերաբերյալ լուսաբանումներում առաջնորդվել նաև իրենց կողմից մատուցվող տեղեկատվության սպառողների շահերով՝ խնայելով նրանց ընդհանուր առողջության ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ հոգեկան առողջությունը:
Պատրաստակամություն ենք հայտնում աջակցել ՀՀ պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված, վերոնշյալ խնդրի լուծմանն ուղղված գործողություններն իրականացնելիս:
ՀՀԱ Գործադիր Վարչություն