Իրաքում եզդի աղջիկները դուրս են եկել կռվելու ԴԱԻՇ-ի դեմ
Ծագումով եզդի 30-ամյա երգիչ Խատե Շինգալին ( Xate Shingali) Իրաքում եզդի աղջիկներից գումարտակ է ձևավորել, որը պայքարելու է ԴԱԻՇ-ի դեմ ու պաշտպանելու է իրենց քույրերին սեռական բռնությունների ենթարկվելուց ու իրենց եղբայրներին՝ գլխատվելուց, հայտնում է Daily Mail-ը:
Աղջիկները զենք են վերցրել ու պայքարում են ահաբեկչական կազմակերպության դեմ, ովքեր բռնությամբ առևանգում, բռնաբարում կամ սպանում են հարյուրավոր եզդիների:
Խատե Շինգալիին գումարտակ ձևավորելու թույլտվություն է տվել Իրաքի քրդերի առաջնորդը։ Եզդի աղջիկների գումարտակը կոչվում է «Արևի աղջիկներ»: Գումարտակում ընդգրկված է 17-30 տարեկան 123 աղջիկ: Ինչպես գրում է Daily Mail-ը, նրանք բոլորն էլ ռիսկի խմբում են՝ կարող են սպանվել կամ դառնալ սեքս-ստրուկներ, եթե ընկնեն ԴԱԻՇ-ի զինյալների ձեռքը:
Նշվում է, որ գումարտակի ամենափոքր անդամը ընդամենը 17 տարեկան է: Աղջկա խոսքով՝ անգամ եթե իրեն սպանեն, ինքը մինչև վերջ ասելու է, որ ինքը եզդի է: