Ավետիսյանին ձեռնտո՞ւ էր ծեծը. Նոր մանրամասներ «Էյր Արմենիայի» տնօրենի հետ միջադեպից. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. ««էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին առեւանգելու եւ նրան ծեծի ենթարկելու դեպքով հետաքննություն է կատարվում, այն իրականացնում է ոստիկանության Նոր Նորքի բաժինը։ Ավետիսյանի կինը՝ Իզաբելա Մելքումյանն ամուսնու նկատմամբ իրականացրած բռնության մեջ մեղադրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին։ Մինչ ոստիկանությունը մի բան կպարզի՝ «Առավոտին» ուշագրավ տեղեկություններ հայտնեցին։ Մեր աղբյուրը, որը հասկանալի պատճառներով չցանկացավ իր անունը հրապարակել, բավականին լավ ճանաչում է թե՛ Արսեն Ավետիսյանին, եւ թե՛ Ռուբեն Հայրապետյանին. նա երկուսի հետ էլ գործնական լավ հարաբերությունների մեջ է։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երբ Ավետիսյանն ու Հայրապետյանը ֆուտբոլի ֆեդերացիային պատկանող ակադեմիայի տարածած («Հարսնաքար» ռեստորանի հարեւանությամբ) գտնվող սրճարանում զրուցելիս են եղել, Ավետիսյանը շատ բորբոքված է եղել, նույնիսկ հայհոյանքներ է տվել, անընդհատ տեղից վեր է թռել ու ձեռքերը դեպի Ռուբեն Հայարապետյանը թափ տալով բավականին վրդովված ինչ-որ խոսակցության է վարել։ Հայրապետյանի թիկնապահները մի անգամ Ավետիսյանին զգուշացրել են՝ հանգստանալ, բայց երբ Ավետիսյանը շարունակել է նույն գործողությունները կատարել եւ նախահարձակ եղել, Հայրապետյանի թիկնապահները բռունցքով հարվածել են Ավետիսյանի դեմքին։

Հիշեցնենք, որ Ավետիսյանի կինը՝ Իզաբելա Մելքումյանը հայտարարել է, որ ամուսնուն Հայրապետյանի «մարդիկ» աոեւանգել են եւ 2 ժամ զրկել ազատությունից։ Իզաբելա Մելքումյանն ասել է, որ 40 զինված անձանց ներկայությամբ Հայրապետյանը ճնշում է գործադրել ամուսնու նկատմամբ պահանջելով ստորագրել մի գրության, որ իբր Ավետիսյանը Հայրապետյանին գումար է պարտք։ Լրատվամիջոցների ահազանգերից հետո Ավետիսյանին բաց են թողել։

Լրատվամիջոցները ծեծի վարկած են շրջանառում՝ Արսեն Ավետիսյանի առեւանգումը պայմանավորված է «Էյր Արմենիա» ավիաընկերության կուտակած ընթացիկ պարտքերի հետ «Տարոն-Ավիա» ընկերությանը, որի սեփականատեր Գառնիկ Պապիկյանը պարտքը ստանալու հաճար դիմել է Հայրապետյանին՝ որպես միջնորդ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ավետիսյանն իրականում հսկայական պարտքեր ուներ, նա, իհարկե, «Տարոն-Ավիայից» «Բոյինգ» ինքնաթիռ էր վարձակալած, որի դիմաց պարտքը կազմում է՝ 2.5 միլիոն դոլար, բայց այս պարտքը ոչ թե «Տարոն-Ավիայինն» էր, այլ՝ Արաբական Միացյալ Էմիրուրություններում կրկին Գառնիկ Պապիկյանի կողմից ստեղծած «Ալա ինթերնեյշնլ» ընկերությանը։ Ավետիսյանը ղրամով միլիարդների հասնող պարտքերի «տակից» ոչ մի կերպ չէր կարողանում դուրս գալ։ Ավետիսյանի դեմ դատական 57 հայց կա՝ պարտքերը ստանալու պահանջով։ «էյր Արմենիան», որի 51 % բաժնետերը Ավետիսյանն է, ըստ մեր աղբյուրի, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Ավիասնունդ» ընկերությանը 400 հազար դոլարի պարտք ունի, փոքր չեն պարտքերը նաեւ «Զվարթնոց» օդանավակայանին»։

«Առավոտի» աղբյուրի փոխանցմամբ՝ «Իհարկե, անկախ պարտքի չափից, անընդունելի է մարդուն ծեծել-ջարդելու միջոցով պարտք ստանալը, բայց կարելի է ենթադրել, որ այս ծեծի պատմությունը ձեռնտու էր Արսենին, քանի որ նա պարտքերը չվճարելու պատրվակ կարող է բերել, որ օրերս «East Prospect Fund»–ը, որը օգոստոսի 12-ին մոտ 68 միլիոն դոլարի արժեթղթերի մուտք է արել «Էյր Արմենիայի բալանսին, հետ է վերցնում, պատճառաբանելով, որ Հայաստանում բիզնես միջավայրն ապահով չէ, գործարարների հետ հարցերը լուոծում են գողականով, ծեծ ու ջարդի միջոցով»։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ «Էյր Արմենիան» կուտակում էր հսկայական պարտքեր, սակայն նրա սեփականատեր Արսեն Ավետիսյանը Ծարավ Աղբյուրի փողոցում շքեղ առանձնատուն էր կառուցում, «Բենթլի» թանկարժեք մեքենայով շրջում, ու իրեն որեւէ շքեղությունից չէր զրկում, բայցեւ որոշ քայլեր անում էր պարտքերը մարելու ուղղությամբ։ Մասնավորապես, ինչպես մեր աղբյուրն ասաց, որ Ավետիսյանը Ուկրաինայամ հողատարածքներ ունի, եւ հաճախ մեկնում էր այդ երկիր, իբր փորձելով վաճառել այդ հողերը, որոնց գումարով պիտի որոշ պարտքերը մարեր։ Ընդ որում, եթե անգամ ընկերությանը սնանկ էլ ճանաչվի, ապա նրա հաշվեկշռում շատ մեծ պարտք չկա, որպեսզի պարտքերի 1/3-րդն էլ փակի։ Ընդամենը ընկերության գրասենյակն է իր գույքով եւ մի քանի մեքենաներ։

«Առավոտը» Ավետիսյանի կնոջից՝ Իզաբելա Մելքումյանից փորձեց ճշտել մեզ հասած տեղեկությունները։ Տիկին Մելքումյանը հաստատեց, որ պարտքը ոչ թե «Տարոն-Ավիային» է, այլ՝ «Ալա Ինթերնեյշնլին», սակայն ընդհանուր պարտքի ծավալից տեղյակ չէր։ «Պարտքն ի՞նչ կապ ունի, առավելեւս եթե ծեծող անձնավորություն Հայրապետյանը պարտքի հետ կապ չունի։ Ինչ վերաբերում է, թե ամուսինս հրահրել է, հայհոյել, դա այդպես չէ։ Ամուսինս ինձ պատմել է ամեն ինչ՝ նստել են սրճարանում՝ զրուցելու…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս