Բաժիններ՝

Նոր մանրամասներ Մորգան Ֆրիմենի թոռնուհու սպանությունից. կինն սպանվել է իր սիրեկանի կողմից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս գիշեր Նյու Յորքում՝ Մանհեթենի իր տան դիմաց՝ փողոցում, սպանվել էր հոլիվուդյան 78-ամյա դերասան Մորգան Ֆրիմենի թոռնուհին՝ 33-ամյա Իդենա Հայնսը: Նրա մարմինը դանակի բազմաթիվ հարվածներով հայտնաբերել էր ոստիկանությունը: Հայնսը արնահոսել է որովայնին հասցված հարվածների հետևանքով: Նրա մարմնի մոտ ոստիկանները հայտնաբերել էին Իդենայի ընկերոջը, ով ինչ-որ անիմաստ արտահայտություններ է բղավել, հայտնում է kp.ru-ն:

Իդենային տեղափոխել էին Հառլեմի կլինիկա, որտեղ նրա կյանքը չէր հաջողվել փրկել: 30-ամյա տղամարդուն, ով սպանության կասկածյալն է, տեղափոխել էին Կոլումբիայի հոգեբուժական հիվանդանոց:

Թե ինչն է նման սարսափելի սպանության պատճառը, ներկայում պարզում է ոստիկանությունը:

Իդենայի 28-ամյա հարևանը պատմել է այն մասին, թե ինչ է լսել: «Տղամարդը գոռում էր, որ Հիսուսն է ծնվել: Սարսափելի ոռնոցների ձայներ էին լսվում: Հետո ես լսեցի կանացի ճիչ»,- պատմել է տղամարդը:

Նրա մեկ այլ հարևան՝ Ջորջ Խադասկոն, ով կանչել էր 911, պատմել է, որ սկզբում չի հասկացել, թե ինչ է տեղի ունենում: Նա լսել է, թե ինչպես է ինչ-որ մեկը բղավել.

«Հեռացե´ք սատանաներ»: Այնուհետ տղամարդու աչքի առաջ սարսափելի տեսարան է բացվել:

Հարևանը հայտնել է անգամ, որ Իդենայի ընկերը շարունակել է նրան հարվածներ հասցնել անգամ այն ժամանակ, երբ ժամանել էին ոստիկանները:

Մորգան Ֆրիմենի ընտանիքը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ խորը վիշտ է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ:

«Աշխարհը երբեք չի իմանա նրա արտիստիզմի ու տաղանդի ու այն մասին, թե ինչ կարող էր նա տալ: Նրա ընկերներն ու ընտանիքը այն երջանիկներն էին, որ գիտեին, թե ինչ հիանալի մարդ էր նա: Նրա աստղը կշարունակի փայլել մեր սրտերում, մտքերում ու աղոթքներում: Հանգչիր խաղաղությամբ»,- հայտարարել է Մորգան Ֆրիմենը:

Ֆրիմենի թոռնուհին հաճախ էր ուղեկցում հայտնի պապին տարբեր միջոցառումների ժամանակ, իսկ դերասանը ընդգծում էր, որ նրան վերաբերվում է ինչպես հարազատի:
Իդենա Հայնսը Մորգան Ֆրիմենի առաջին կնոջ թոռնուհին է: Նա ստացել էր դերասանական կրթություն, սակայն վերջին տարիներին զբաղվում էր երիտասարդների համար կրթական ծրագրերի մշակմամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս