
Նյու Յորքում սպանել են Մորգան Ֆրիմենի թոռնուհուն

Նյու Յորքի կենտրոնում սպանել են ամերիկացի դերասան Մորգան Ֆրիմենի որդեգիր թոռնուհուն: Ինչպես հայտնում է CNN-ը, 33-ամյա Իդենա Հայնսի մարմինը դանակի բազմաթիվ հարվածներով հայտնաբերել էր ոստիկանությունը:
Սպանությունը տեղի է ունեցել կիրակի գիշերը փողոցում, որտեղ ապրում էր սպանվածը: Սպանության միակ կասկածյալը ձերբակալվել է դեպքի վայրում: Նրա անունը պաշտոնապես չի հաղորդվում: Հայտնի է միայն այն, որ նա 30-ամյա տղամարդ է: Նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել, տղամարդուն ուղարկել են հոգեբուժական փորձաքննության:
Ականատեսների վկայությամբ, տղամարդը Հայնսի վրա հարձակվել է՝ բղավելով, թե նա չար ոգիների ազդեցության տակ է ու ինքը պետք է քշի այդ ոգիներին:
Մորգան Ֆրիմենի ընտանիքը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ խորը վիշտ է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ:
Ֆրիմենի թոռնուհին հաճախ էր ուղեկցում հայտնի պապին տարբեր միջոցառումների ժամանակ, իսկ դերասանը ընդգծում էր, որ նրան վերաբերվում է ինչպես հարազատի:
Իդենա Հայնսը Մորգան Ֆրիմենի առաջին կնոջ թոռնուհին է: Նա ստացել էր դերասանական կրթություն, սակայն վերջին տարիներին զբաղվում էր երիտասարդների համար կրթական ծրագրերի մշակմամբ: