«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը հերթական անգամ կտուգանվի
«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը հերթական անգամ կտուգանվի: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օգոստոսի 19-ի նիստում քննարկելու է 2 վարույթ, որնցից յուրաքանչյուրով ՀԷՑ-ին սպասում 5 մլն դրամի տուգանք, այսինքն՝ ընդհանուր առմամբ ՀԷՑ-ը կտուգանվի 10 մլն դրամ:
Առաջին գործով ՀԷՑ-ը, ըստ կնքված պայմանագրի, պետք է Երևանի Գուսան Շերամի փողոցի 50/6 հասցեի սեփականատեր Արտավազդ Ստեփանյանի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացներ 2015 թ. մայիսի 17-ը, սակայն մինչ օրս չի միացրել: ՀԾԿՀ-ին ի պատասխան՝ ՀԷՑ-ը պատճառաբանել է, թե ընկերությունը գտնվում է ֆինանսատնտեսական բարդ վիճակում, և նշված աշխատանքների իրականացումը հնարավոր կլինի միայն դիմողի կողմից միացման փաստացի ծախսումների գումարը՝ 3 մլն 563 հազար 540 դրամի չափով, ամբողջությամբ վճարելու դեպքում՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով: ՀԾԿՀ կողմից վարույթ սկսելուց հետո ՀԷՑ-ը պարտավորվել է սպառողի համակարգն էլցանցին միացնել մինչև օգոստոսի 5-ը, սակայն նշված ժամկետներում աշխատանքները չեն ավարտվել:
Երկրորդ վարույթի դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է դիմել ՀԾԿՀ-ին՝ «Շաբեր» ընկերությունը սպառման համակարգն էլեկտրական ցանցին չմիացնելու խնդրով: Ընկերության դիմումին ՀԷՑ-ն ընդհանրապես չի արձագանքել: