Բաժիններ՝

Օգոստոսի 15-ը և 16-ը կլինեն ամենաաշոգ օրերը. Գագիկ Սուրենյան

ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում գրանցվել է երեք խոշոր ջերմային ալիք, որոնք հանրապետություն են ներթափանցել Սաուդիան Արաբիայի տարածքից:

Առաջինը, ըստ նրա՝ եղել է հուլիսի 1-ից 10-ը, երբ օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովիտներում բարձրացել է 39-40 աստիճան, իսկ առանձին օրերին Երևանում գրանցվել է 41 աստիճան տաքություն: Մասնագետի դիտարկմամբ՝ Հայաստանում վերջին 170 տարիների ընթացքում նման տևական շոգեր չեն եղել:

Հուլիսի 25-ից, ըստ Գագիկ Սուրենյանի՝ սկսվել է երկրորդ ջերմային ալիքը, որը տևել է մինչև օգոստոսի 6-ը: Այդ օրերին օդի ջերմաստիճանը բարձրացել է 39-40 աստիճան, առանձին հատվածներում նույնիսկ գրանցվել է 41, 42 աստիճան:

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ հանրապետությունում օգոստոսի 10-ից սկսվել է երրորդ ջերմային ալիքը: Օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը բարձրացել է 40 աստիճան: Ըստ նրա՝ օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 6-ից 7 աստիճանով:

Անդրադառնալով առաջիկա օրերի կանխատեսումներին, Գագիկ Սուրենյանն ասաց, որ ամենաշոգ օրերը կլինեն օգոստոսի 15-ը և 16-ը. օդի ջերմաստիճանը կտատանվի 40-41 աստիճանի սահմաններում: Իսկ գիշերային ժամերին սպասվում է գիշերային ջերմաստիճանի բարձրացում: Եթե նախորդ երկու օրերին Երևանում գիշերային ջերմաստիճանը տատանվել է 22-23 աստիճանի սահմաններում, ապա օգոստոսի 15-16-ին օդի ջերմաստիճանը գիշերը 27-28 աստիճանից չի նվազի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս