Բաժիններ՝

Նոր մանրամասներ «Քամփ Արմենի» վրա իրականացված հարձակումից. սա առաջին դեպքը չէ. Ermenihaber.am

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Քամփ Արմեն» հայկական որբանոց-ճամբարը վերադարձնելու համար պայքարող մի խումբ երիտասարդներ արդեն 100 օր է կիսաքանդ ճամբարում «Քամփ Արմենի համար դիմադրություն»» կարգախոսով շուրջօրյա հերթապահություն են իրականացնում որպես բողոքի-ակցիա:

Նախօրեին գիշերը ժամը 23:30–ի սահմաններում անհայտ անձինք մահակներով հարձակվել են ճամբարի տարածքում հերթապահող երիտասարդների վրա և ծեծի ենթարկել նրանց:

Ermenihaber.am-ը դեպքի մանրամասները ճշտելու համար փորձեց կապ հաստատել ճամբարում գտնվող երիտասարդների հետ:

«Քամփ Արմենի համար դիմադրության» մասնակիցներից Արև Միրքայանը, Ermenihaber.am-ի հետ զրույցում պատմեց, որ 2 մեքենայով 8 անհայտ անձինք,  նախօրեին մտնելով Թուզլա, անցորդներից հարցրել  են, թե որտեղ է գտնվում «Քամփ Արմենը», ապա գալով ճամբարի մոտ, դուրս են եկել մեքենաներից ու մահակներով ծեծի ենթարկել այնտեղ հերթապահություն իրականացնող 2 երիտասարդի:

Միրաքյանը նշում է, որ առաջին անգամ չէ, որ ճամբարի և դիմադրության մասնակիցների վրա հարձակում է տեղի ունենում:

«Նմանատիպ միջադեպեր նախկինում էլ են եղել: Օրինակ սրանից 2-3 օր առաջ  2 հոգի եկան ճամբար, քարեր նետեցին ճամբարի վրա ու փախան:  Մի անգամ էլ  պատռել էին ճամբարի մուտքին փակցված հայալեզու պաստառը, տեղը Թուրքիայի դրոշը կախել ու հեռացել»,- պատմում է նա:

Ermenihaber.am-ի այն հարցին, թե ճամբարի դիմադրության մասնակիցները գիտեն արդյոք, թե ովքեր են նման ռասիստական հարձակումների հեղինակները, Արևը նշեց, որ իրենք հստակ տեղեկություն չունեն, ամենայն հավանականությանմբ դա ազգայնական խմբերի ձեռքի գործն է:

Միրաքյանը տեղեկացրեց, որ երեկվա միջադեպի առնչությամբ իրենք դիմել են ոստիկանություն: Պատրաստվում են իրավական այլ քայլերի ևս դիմել: Միրաքյանը վստահեցրեց, որ նմանատիպ միջադեպերը չեն կարող կոտրել իրենց դիմադրության ոգին և իրենք շարունակելու են պայքարել ճամբարի վերադարձնելու համար:

Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին  եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք զբաղեցնող «ՔամփԱրմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է  որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքի ձեռքից:

2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր եղավ դադարեցնել: Ճամբարի ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով «Քամփ Արմեն»-ում սկսված հերթապահությունն ընթանում է արդեն 100 օր:

Աստղիկ Իգիթյան
(Լուսանկարում Արև Միրաքյանն է` «Քամփ Արմենում»)
Ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս