Առողջապահության նախարարության խորհուրդները՝ աղիքային վարակներից խուսափելու համար
Վերջին ամիսների ընթացքում բնակչության շրջանում ակտիվացել են աղիքային վարակները: Դրանց արձանագրման համար այսօր առկա են բոլոր նպաստավոր պայմանները` աղիքային վարակների ամառային սեզոնայնություն՝ հատկապես վերջին օրերին օդի բարձր ջերմաստիճանի առկայություն, ինչպես նաև՝ սննդային և ջրային գործոններ:
Աղիքային վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է՝
– խուսափել կրեմային հրուշակեղեն, ինչպես նաև թթվասերով կամ մայոնեզով աղցաններ օգտագործելուց,
– սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործել միայն հոսող, մաքուր ջրով լվանալուց հետո,
– սննդամթերքը և պատրաստի սնունդը պահպանել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում,
– գնումենր կատարելիս ընտրել թարմ, ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,
– չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ըմպելիքներ, հյութեր, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,
– բացառել տեղում կամ արագ պատրաստվող սննդի օգտագործումը,
– սնունդը պատրաստել փոքր չափաբաժիններով, լավ եփել կամ տապակել՝ դրանք պահելով փակ ամաններում և սառնարանում,
– հում սննդամթերքն առանձնացնել եփածից,
– խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը՝ ձեռքերը լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,
– չգնել պատահական վայրերից պահածոներ, սունկ,
– եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրի մատակարարման անջատումներ, ապա ջուրն օգտագործել միայն 10-15 րոպե հոսելուց հետո,
– խմելու ջրի մատակարարման անջատումների դեպքում խուսափել պատահական վայրերից բերված ջրի օգտագործումից,
– խմելու ջրի որակի փոփոխությունների (համ, հոտ, պղտորություն) դեպքում անմիջապես ահազանգել և՛ ՀՀ առողջապահության նախարարություն, և՛ տարածքը սպասարկող ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություններին,
– երեխաներին արգելել լողալ դեկորատիվ ջրավազաններում:
Հիշեցնենք, որ աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններն են լուծը, թուլությունը, սրտխառնոցը, փսխումը, որոնք կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ։
Առողջապահության նախարարությունը հորդորում է նշված ախտանշանների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, խուսափել անհարկի հակաբիոտիկներ օգտագործելուց և անմիջապես դիմել բժշկական օգնության։