Վիննիցայում Հայաստանի քաղաքացին գնդակահարել է իր վրա հարձակված գողերին
Օգոտոսի 10-ին՝ ժ. 13.00-ի սահմաններում, Ուկրաինայի Վիննիցա քաղաքում ավազակային հարձակում է տեղի ունեցել, որի ժամանակ տուժող քաղաքացին կրակ է բացել իր վրա հարձակվողների վրա: Այս մասին հայտնում է Вінниця.daily-ն:
Վերջինս Հայաստանի քաղաքացի է, ով կրակել է միկրոավտոբուսից իր վրա հարձակված մարդկանց վրա: Այս մասին տեղեկացրել է Վիննիցայի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության պետի տեղակալ Սերգեյ Կրիմչուկը:
Վիննիցա մտնելու ճանապարհին միկրոավտոբուսը փակել է Daewoo Lanos-ի ճանապարհը, որից դուրս են եկել անհայտ անձինք՝ զինված բեյսբոլի մականներով ու սկսել են քաշքշելով մեքենայից դուրս բերել հայաստանցուն, ում անունը չի նշվում:
Վերջինս հանել է իր ատրճանակն ու սկսել է կրակել: Հարձակվողներից երկուսն ստացել են հրազենային վնասվածքներ ու մահացել են հիվանդանոցում: Նրանք եղել են 24 տարեկան: Մյուսներին հաջողվել է միկրոավտոբուսով հեռանալ դեպքի վայրից:
Բազմաթիվ վնասվածքներ ստացած տուժած հայը տեղափոխվել է Վիննիցայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Եվս երկու մարդ, ով եղել է Daewoo Lanos-ում, հարցաքննվել են իրավապահների կողմից ու տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել է բժշկական օգնություն:
Հարուցվել է քրեական գործ ՔՕ 115-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանություն):
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հայաստանցին ուղևորվում էր Վիննիցա՝ լուծելու բիզնես-խնդիրներ: Վերջինիս մոտ եղել է բավական մեծ գումար: