Բաժիններ՝

Վերջին օրերի ընթացքում մի քանի դիվերսիոն հետախուզական գործողությունների փորձ է եղել. Սեյրան Օհանյան

Վարչապետի հանձնարարությամբ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Պարոն վարչապետ, ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության սահմանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում իրավիճակը վերահսկելի է: Բայց, ինչպես նախօրոք մենք տեղեկացրել էինք, հարևան երկրում Եվրոպական խաղերի անցկացման ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերն ապահովեցին հրադադարի կատարումը, դեռ ավելին, զսպվածություն ցուցաբերելով և ոչ մի խախտում չիրականացնելով: Եվրոպական խաղերից հետո լարվածության աստիճանը մեկ բարձրանում, մեկ իջնում է: Ինչպես կանխատեսել էինք, մեր հարևանները փորձելու են լարվածությամբ ինչ-որ քաղաքական կամ տնտեսական դիվիդենտներ գտնել իրենց համար: Լարվածությունն այս երկու ամսվա ընթացքում բարձրացել է ոչ միայն նրանով, որ հրաձգային զենքով են կրակել, այլ նաև կրակել են խոշոր հրաձգային զենքերով: Նաև ականանետով կրակային խոցման աստիճանը բարձրացել է՝ 60, 82 և մինչև 120 մմ ականանետերով կրակոցներ են եղել: Դեռ ավելին, վերջին օրերի ընթացքում մի քանի դիվերսիոն հետախուզական գործողությունների փորձ է եղել, որոնք հայկական զինուժը կանխել է: Հակառակորդին ուղղված մեր հորդորներին, որ պետք է երկխոսության և շփման գծում վստահության մեխանիզմների ձևավորմամբ փորձենք մեր հարաբերությունները ձևավորել, հակառակորդը պատասխանում է իրավիճակի լարվածությամբ:

Ուզում եմ Ձեզ զեկուցել և տեղեկացնել մեր ժողովրդին, որ հայկական ԶՈՒ-ի ստորաբաժանումները, ովքեր առաջին գծում մարտական հերթապահությամբ սահմանների պաշտպանությամբ են զբաղված, հաստատակամ են, իրենց խնդիրները գիտեն, պարտականությունները գերազանց կատարում են: Ցավոք սրտի, մենք նաև վերջին օրերին ունեցանք մեկ կորուստ, որի համար, կարծում եմ, մեր բոլորի սփոփանքի խոսքը պետք է ուղղենք մեր զոհված զինծառայողի հարազատներին: Բայց, այնուամենայնիվ, մենք մեր առջև դրված խնդիրները կատարել և կատարում ենք և պատրաստ ենք ոչ միայն պաշտպանության, այլև կանխարգելիչ միջոցառումներ և նաև զսպման համապատասխան մեխանիզմներ ձևավորել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս