Ստացել է մեդալներ, կոչումներ ՀՀ անունից և խոսում է ՀՀ անկախության դեմ. Ստյոպա Սաֆարյանը՝ Անդրանիկ Նիկողոսյանի հայտարարության մասին

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Անդրանիկ Նիկողոսյանի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ:

«Այն, որ Հայաստանի շուրջ արդեն մի քանի տարի է՝ վտանգավոր զարգացումներ են ընթանում, որոնց թիրախներից մեկը Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը սահմանափակելն է, դրանում քիչ կասկածողներ կան, որովհետև սկսած ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից, վերջացրած մյուս ուժային կենտրոնների հետ մեր հարաբերությունների թունավորումով, կարծում եմ՝ ակնհայտ է, որ մեր ռազմավարական դաշնակցին դուր չեն գալիս մեր, անգամ այս աստիճանի, ազատությունը և անկախությունը:

Թերևս, Անդրանիկ Նիկողոսյանի հայտնի կոչին այսքան բուռն չարձագանքեինք, եթե չլիներ Կրեմլի այդ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որն ամենևին ՀՀ ամրապնդմամբ և ուժեղացմամբ շահագրգռված չէ: Հետևաբար՝ Անդրանիկ Նիկողոսյանի կոչը, որը նա փորձում է ներկայացնել որպես կարծիք, պատահականությունների շարքից չէ, այլ քաղաքական որոշ շրջանակների ցանկությունն է՝ իսպառ կլանել ՀՀ անկախությունը: Թերևս, իրավիճակը զավեշտալի չդառնար, եթե օրինակ, դա չարվեր մի անձի կողմից, որը ի զարմանս մեզ բոլորի՝ հասցրել է անհայտ կենսագրության, ծառայությունների և գործունեության պարագայում արժանանալ ՀՀ բազմաթիվ գերատեսչությունների մեդալների: Ստացել է մեդալներ, կոչումներ ՀՀ անունից, և խոսում է ՀՀ անկախության դեմ: Հետևաբար՝  միանգամայն արդարացված եմ համարում բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղված էին այս կամ այն գերատեսչության ղեկավարի դեմ և պահանջում են ետ վերցնել նրան շնորհված պարգևները»:

Քաղաքական վերլուծաբանը ընդգծեց՝ պատահականությունների շարքից չէ այն, որ հայաստանյան մի շարք մարմիններ, այդ թվում՝ պաշտպանության նախարարը, մշակույթի նախարարը, ԱԺ նախագահը, ով ներկայումս վարչապետն է, Երևանի քաղաքապետը, հանկարծ որոշում են Անդրանիկ Նիկողոսյանին  ինչ-ինչ ծառայությունների դիմաց շնորհել որոշակի պարգևներ. «Ինքներդ եք հասկանում, որ դա հենց այնպես տեղի ունենալ չի կարող, առավել ևս մի անձի դեպքում, որն առանձնապես հայտնի չէ Հայաստանին մատուցած իր ծառայություններով: Կարելի է ենթադրել, որ կա որոշակի հովանավորչություն այդ անձնավորության նկատմամբ, եթե դա չլիներ, չէր լինի այդ հոխորտանքը Էդմոնդ Մարուքյանի նկատմամբ, թե՝  ավելի հեշտ քո ձեռքից քո մանդատը կվերցնեն, քան իմ պարգևները. թերևս այս ցինիզմը դրա վառ վկայությունն է, և ես կարծում եմ, որ հասարակությունը, և գոնե մենք, չպետք է անարձագանք թողնենք նման հայտարարություններն ու նման պահվածքը, որովհետև դրանք կարող են տխուր ավարտ ունենալ մեր հասարակության համար»:

Ս. Սաֆարյանը նշեց, որ այս պարագայում խնդիրը ոչ թե իր վերաբերմունքն է Ռուսաստանի նկատմամբ, որպես պետության, որովհետև ինքն այդ պետությանը վերաբերվում է այնպես, ինչպես ցանկացած այլ պետության, այլ մերժելի է համարում կրեմլյան քաղաքականությունը, որն ըստ նրա՝ ուղղված է մեր անկախության նվազեցմանը. «Չպետք է թույլ տալ, որ այս բավականին թանկ գին արժեցած անկախությունը ուղղակի դառնա նման երևույթների, նման անձանց մտավարժանքների և որոշակի գործունեության թիրախ»:

«Ի դեպ, շատերն են նկատել, որ երբ ամիսներ առաջ Անդրանիկ Նիկողոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով, որևէ մեկս տեղյակ չեղավ, թե ի՞նչ հիմքերով  փակվեց այդ գործը, և, ըստ էության, ինչի՞ դիմաց: Միգուցե փակվել է հենց նման գործունեություն ծավալելու պայմանավորվածությա՞մբ: Այլ պարագայում, ինքներդ եք հասկանում, որ դա որոշակի պատիժ նախատեսող հանցանք էր, և Անդրանիկ Նիկողոսյանն այսօր ոչ թե տեսակետներ կհայտներ իր իսկ ստեղծած լրատվամիջոցներում, այլ կլիներ ճաղավանդակներից այն կողմ»,-նկատեց նա:

Ս. Սաֆարյանի կարծիքով՝ Անդրանիկ Նիկողոսյանի երկրորդ հայտարարությունը շատ ավելի զայրացնող էր.  «Եթե առաջին հայտարարության մեջ նույնիսկ չէր հիմնավորել՝ ինչո՞ւ պետք է Հայաստանը մտնի Ռուսաստանի կազմի մեջ, ապա երկրորդով ահաբեկում էր մեզ, որ եթե չմտնեք, Իսլամական պետությունը ձեզ համփ կանի, ինչպես ասվում է հայտնի հեքիաթում, և որպես սխեմա՝ հայ հասարակության վախերը մեծացնելու, շատ նման էր նրան, ինչպես մեզ մտցրին ԵՏՄ: Մեզ ասում էին՝ եթե չմտնեք ԵՏՄ, կարժանանաք Ուկրաինայի ճակատագրին, կկորցնեք Ղարաբաղը, գազը կթանկանա, լույսը կթանկանա, մեր միգրանտ եղբայրներին վատ կվերաբերվեն: Հիմա նույն սխեմայով Անդրանիկ Նիկողոսյանը փորձում է այդ վախերը  մեծացնել»:

Տեսանյութեր

Լրահոս