«Այսպիսի մարդիկ մեր հասարակության մեջ տեղ չունեն». գիտնականը՝ Անդրանիկ Նիկողոսյանի մասին
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանի համար դատապարտելի է Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի այն հայտարարությունը, թե պետք է Հայաստանը մտնի Ռուասաստանի կազմի մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա Ա. Նիկողոսյանի այդ հայատարարությունը որակեց որպես ոտնձգություն հայոց պետականության նկատմամբ:
Նրա համոզմամբ՝ եթե հանրության մեջ անգամ մի հոգի այդպես մտածում է, նշանակում է՝ ինչ-որ բան այնպես չէ: Ըստ նրա՝ սա նշանակում է՝ պետք է բարելավել երկիրը:
«Այսպիսի մարդիկ մեր հասարակության մեջ տեղ չունեն: Այն կարծիքին եմ, որ նա հավանաբար ինչ-որ ծրագիր է կատարում»,- ասաց Դ. Գասպարյանը: Ըստ նրա՝ պետք է դատապարտել Ա. Նիկողոսյանին:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ հայկական իշխանություններին ձեռք էր տալիս նրա այս հայտարարությունը, Դ. Գասպարյանն այսպես պատասխանեց. «Հնարավոր է, որ ձայներ են հնչեցնում, որ մեր ականջները սովորեն այդ ձայներին»:
Լուսանկարը՝ PanArmenian PHOTO-ի