«2005թ. տեղի է ունեցել հերթական կեղծիքը». Արմեն Մարտիրոսյանի պատասխանը Վարդան Օսկանյանին

«Նախատեսվող սահմանադրական փոփոխությունները բարեփոխում չեն, այլ չարեփոխում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի` սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու 10 պատճառներին և տեսակետներին: Նրա դիտարկմամբ՝ Վարդան Օսկանյանի կողմից այդ պատճառների բարձրաձայնումը տեղին չէ, քանի որ Օսկանյանն իր պաշտոնավարման տարիներին ևս մասնակցել է բազում ընտրակեղծիքների:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ, ծանոթանալով պարոն Օսկանյանի առաջ բերած պատճառներին և այդ պատճառների դետալները չմեկնաբանելով, ընդհանուր առմամբ համաձայն է այն տեսակետին, որ փոփոխություններն այս բովանդակությամբ անհրաժեշտ չեն Հայաստանին, ավելին՝ կործանարար են: «Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը, ապա՝ այո՛, ՀՀ-ն ունի սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, այո՛, ՀՀ-ում ամենաճիշտը, ըստ իս, խորհրդարանական կառավարման համակարգի ներդրումն է, բայց այն, ինչ շրջանառության մեջ է դրվել սահմանադրական փոփոխությունների անվան տակ, ոչ թե բարեփոխում է, այլ չարեփոխում:

Երկրորդ` ոչ թե խորհրդարանական կառավարման համակարգ է ստեղծվում, այլ մաքուր բռնապետական, միակուսակցական կառավարման համակարգ: Այդ ամենը խորհրդարանական կառավարման համակարգի հետ կապ չունի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Խոսելով նախկին նախարար Օսկանյանի այն պնդման մասին, թե 2005թ. սահմանադրական փոփոխությունները հրամայական էին, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ 2005 թվականին՝ հերթական կեղծիքն էր, որովհետև դատարկ տեղամասերով կատարվեց կեղծիք:

Ըստ քաղաքական գործչի` բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հետաքրքրություն ունեն երկրի անկախության նկատմամբ, ովքեր հետաքրքրված են Հայաստանի ապագայով, ովքեր հետաքրքրված են քաղաքական դաշտի գոյությամբ, պետք է դեմ լինեն այս սահմանադրական փոփոխություններին, որովհետև դրանք բացառապես միահեծան, միակուսակցական, մնացած բոլոր կուսակցություններին սպանող քաղաքական դաշտի ու կառավարման համակարգի են ուղղորդում:

«Ընդհանուր գնահատականի հետ համաձայնելով` ասեմ, որ՝ այո՛, այս սահմանադրական փոփոխությունները Հայաստանին պետք չեն: Վարդան Օսկանյանը մի վարչակարգում է ԱԳ նախարար աշխատել, որը ևս լեգիտիմության խնդիր է ունեցել, որը ևս բռնություններ է կիրառել 2004թ., 2008թ.: Այդ ամենը հասկանալով հանդերձ՝ ասում եմ, եթե հաշվի առնենք, որ «Ժառանգությունն» իր քաղաքական հետագծով մաքուր կուսակցություն է, ապա չպետք է համագործակցի որևէ կուսակցության հետ, որովհետև միակ ուժն է, որն իշխանության մեջ չի եղել և այս տարիների բացթողումները, կոպիտ սխալ քաղաքականությունը կյանքի չի կոչել: Ուստի որևէ մեկի հետ չպետք է համագործակցեր: Բայց ցանկացած քաղաքական գործիչ սխալ անում է, կարևորն այն է, որ ընդունի այդ սխալը, կարևորը, որ գնա դրանց ուղղման ճանապարհով:

Այսօր Հայաստանում քաղաքական, հասարակական կոնսոլիդացիա է պետք, միասնություն, որպեսզի կարողանանք երկիրը փրկել այն ահավոր արհավիրքներից, որոնք ավելի են խորանալու նախատեսվող սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո»,- մեկնաբանեց Արմեն Մարտիրոսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս