Քաղաքացու հաղորդմամբ՝ քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Ռոման Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քննված քրեական գործի շրջանակում ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնի քննիչը, չարաշահելով իր լիազորությունները, 2013 թվականի օգոստոսին մինչ իր բնակարանում խուզարկություն կատարելը, նախապես տեղեկացրել է կատարվելիք քննչական գործողության մասին և առաջարկել է իրեն թաքցնել կասկածելի իրերը, որից հետո քննիչը բնակարանը խուզարկել է մակերեսորեն:

Բացի այդ, իր դեմ բողոք ներկայացրած Նաիրա Մ.-ի հետ կատարված առերես հարցաքննության ընթացքում նույն քննիչը թույլ չի տվել իրեն օրենքով սահմանված կարգով օգտվել հարցեր տալու իր իրավունքից, փոխարենը՝ արտոնություններ է ընձեռել Նաիրա Մ.-ին` հիշյալ հարցաքննության ընթացքում ուղղորդելով վերջինիս:

Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս