Վրաստանում «օրենքով գող»-ը արդարացվել է և ազատ արձակվել դատարանի դահլիճից
Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, 42-ամյա «օրենքով գող» Թեմուրի Գվասալիան (Թեմո Սուխումսկի) նախորդ ուրբաթ օրը Զուգդիդիի քաղաքային դատարանի կողմից արդարացվել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքներով և ազատ արձակվել դատարանի դահլիճից։ Ասում են, որ դատարանի մեղմ վերաբերմունքը պայմանավորված էր ամբաստանյալի ծանր առողջական վիճակով։
Թեմո Գվասալիան ձերբակալվել էր մայիսի 14-ին՝ վրաց-աբխազական սահմանին գտնվող Ռուխի գյուղում։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերված թմրանյութից բացի՝ «օրենքով գողին» մեղադրանք էր առաջադրվել գողական աշխարհին պատկանելու համար։ Գործակալության տեղեկություններով՝ Թեմոն պատրաստվում էր բուժման կուրս անցնել Վրաստանում (նա տառապում քրոնիկ դերմատոզով)։ Սակայն ձերբակալության պատճառով ունեցած նյարդային ապրումները ավելի են սրել հիվանդության ընթացքը։
Բոլոր կանխատեսումներով՝ Թեմոյին երկար ժամկետով ազատազրկում էր սպառնում։ Սակայն նրա փաստաբանին հաջողվել է դատարանում ապացուցել, որ իր պաշտպանյալը որևէ առնչություն չունի թմրամիջոցներին։ Հաշվի առնելով, որ Թեմոն իրեն որպես «օրենքով գող» երբեք չի դրսևորել Վրաստանի տարածքում՝ գողական աշխարհին պատկանելու մեղադրանքը նույնպես չի հաստատվել։ «Օրենքով գողի» արդարացման վճիռը Վրաստանի համար աննախադեպ երևույթ է։ Այդ առիթով Սուխումիում նախօրեին պատվավոր ընդունելություն է կազմակերպվել Թեմոյի համար։
Միևնույն ժամանակ, Թեմո Գվասալիայի գողական կարգավիճակի հարցը քննարկման առարկա է դարձել դատարանի պատերից դուրս։ Գործակալության տեղեկություններով, չնայած Թբիլիսիի N7 մեկուսարանի հեղինակությունները նրան «օրենքով գող» էին ճանաչել, նրա լիազորությունների հետ կապված կասկած է հայտնել Լաշա Շուշանաշվիլին։ Ասում են, որ հուլիսի սկզբին Լաշան անգամ զանգահարել է Մոսկվա՝ Շաքրոյին, և հետաքրքրվել, թե ով է Թեմոյին «մոտեցել»։ Դրանով Լաշան ակնարկել է, որ հարցեր ունի թե՛ Թեմոյի նկատմամբ, թե՛ այն մարդկանց, ովքեր աջակցել են նրան։
Դրանից հետո Թեմոյի աջակիցներից մեկը՝ Բորյա Ապակելան, հաստատել է նրա կարգավիճակը։ Իսկ Շաքրոն Լաշային ասել է, որ կկարողանա իր հարցերը պարզել Թեմոյի հետ, երբ նա բանտից դուրս կգա։ Այժմ Թեմոն ազատության մեջ է, և ժամանակը ցույց կտա, թե ինչով կվերջանա այս պատմությունը։
Լուսանկարում՝ Կախա Թբիլիսսկի, Օլեգ Սեմակին և Թեմո Սուխումսկի