Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն առաջինն է ոտնահարում սպառողների իրավունքները
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն առաջինն է ոտնահարում սպառողների իրավունքները:
Բազմիցս բարձրաձայնվել է, որ հաճախ ոտնահարվում է 14-օրյա ժամկետում գնված ապրանքը փոխանակելու կամ վերադարձնելու սպառողի իրավունքը: Ելնելով 2014թ.-ին իրականացված ուսումնասիրությունների արդյունքներից՝ ներկայացրել էինք, թե խնդիրը կարգավորող առկա իրավական դաշտը ինչ բացեր ունի և ինչ բարդություններ է առաջացնում սպառողների համար:
Այդուհանդերձ նույն այս ժամանակահատվածում Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության հետ համատեղ գրեթե միշտ հնարավոր էր լինում անգամ գործող կարգով օգուտ տալ սպառողներին, սակայն հավանաբար նախարարությանը դուր չէր գալիս, որ պետական օղակն ինչ-որ կերպ կարողանում է օգուտ տալ սպառողին և բարդացրեց ընթացակարգերը՝ այլևս անհնար դարձնելով տեսչության հետ անմիջական աշխատանքը՝ պարտադիր դարձնելով նախարարության միջնորդավորվածությունը:
Եվ ահա, առաջին իսկ «դրական» արդյունքները: Փոխնախարար Էմիլ Տարասյանը հետ է ուղարկել բոլոր դիմումները, ավելին՝ փորձել է հիշեցնել այն ամենը, ինչը մենք էինք հիշեցրել դեռ տարիներ առաջ՝ նշելով այդ ընթացակարգերի բացերը:
Ստացվում է մեկ բան. Ճշմարիտյանը մշտապես խոսում է մարդակենտրոնությունից, բայց իր գործողություններով ապացուցում հակառակը՝ հնարավորինս հեռու սպառողից, սպառողի իրավունքներից և սպառողի խնդիրներից:
Հ.Գ. Մշտապես նշել եմ, որ տեսչությունն այն քիչ կառույցներից է, որի հետ համագործակցությունն իսկապես ստացվում է, սակայն վերջինիս վերադասների վարած քաղաքականության արդյունքում համագործակցությանն արդյունավետությունն այդքան էլ բարձր չէ: Այս քայլով նախարարությունը վերջնականապես ոչնչացրեց անգամ այդ համագործակցությունը: Կեցցեն Ճշմարիտյանն ու Տարասյանը. Նրանք ապացուցեցին, որ պետք չէ որևէ դրական սպասելիք ունենալ այդ նախարարությունից. Կարող են հարամել ամեն ինչ»: