
Սթիվ Ջոբսի կյանքի մասին կերգեն օպերայում

Ամերիկյան Սանտա Ֆե քաղաքի օպերային թատրոնը կստեղծի ներկայացում, որի հիմքում ընկած կլինի Apple կորպորացիայի համահիմնադիրներից մեկի՝ Սթիվ Ջոբսի կենսագրությունը:
The (R)evolution of Steve Jobs բեմադրությունը նախատեսված է 2017 թվականին, հայտնում է USA Today-ը:
Օպերան կպատմի գործարարի կարիերայի ու անձնական կյանքի մասին: Սյուժեում կցուցադրվեն Ջոբսի ու նրա կնոջ՝ Լորեն Փաուել Ջոբսի, Ջոբսի հոր՝ Փոլի, ու դստեր հարաբերությունները, ում նա սկզբում չէր ընդունում:
The Los Angeles Times-ի տվյալով՝ օպերայի համար երաժշտություն կգրի կոմպոզիտոր Մեյսոն Բեյթսը, լիբրետոն կգրի Պուլիցտերյան մրցանակակիր Մարկ Քեմփբելը:
Բեմադրությունը նախատեսվում է սարքել ինովացիոն՝ ստեղծողները պլանավորում են համատեղել «Սիլիկոնային հովտի ստեղծագործական ոգին, վառ վոկալային արիաներն ու համոզիչ արձակը»: