«Ցանկացած սննդի օբյեկտում սպառողը կարող է սերտիֆիկատ պահանջել». Կ. Չիլինգարյան

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը լրացուցիչ ռիսկեր է առաջացնում հասարակական սննդի վայրերում.

«Եթե ձմռանը կամ գարնանը սնունդը փչանում է 1-2 օրվա ընթացքում(եթե նորմալ պայմաններում չի պահվում), ապա այս պայմաններում մի քանի ժամվա ընթացքում կարող է սնունդը փչանալ: Դրանից բխում է այն, որ հասարակական սննդի վայրերում մի փոքր շեղումը կարող է բերել նրան, որ սննդամթերքի մեջ առաջանան ինչ-որ տոքսիններ:

Ճիշտ է, ինչ-որ կերպ դա վերահսկվում է Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից, բայց ընդհանրապես տեսչական վերահսկողությունն այնպիսի վիճակում է, որ ստուգման կամ մշտադիտարկման գնալու համար պետք է տվյալ կետի կամ ռեստորանի տիրոջից թույլտվություն վերցնես, որ ուսումնասիրես իրենց մատուցած ծառայությունները»:

Բանախոսը նկատեց՝ մեզ մոտ դեռ մի քանի տարի առաջ կառավարության որոշում եղավ, որ մինչև 70 մլն շրջանառություն ունեցող օբյեկտներում ստուգումներ իրականացվեն միայն վարչապետի թույլտվությամբ: Ըստ նրա՝ դա ինչ-որ խնդիրներ է առաջացնում, որովհետև այլ երկրներում տեսուչը հնարավորություն ունի մտնել օբյեկտ ու ստուգումներ անցկացնել:

«Բայց ցանկացած սննդի օբյեկտում դուք կարող եք սերտիֆիկատ պահանջել. օրենքը թույլ է տալիս: Այն օբյեկտները, որոնք իրենց իմիջի մասին են մտածում, սերտիֆիկատը փակցում են տեսանելի վայրում, բայց որոշ տեղերում փակցված չէ, կամ ոչ տեսանելի վայրում է փակցված»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս