«Էյր Արմենիան» կարող է սնանկ ճանաչվել

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը, հնարավոր է, սնանկ ճանաչվի: Նման հայցապահանջով հուլիսի 28-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործը քննելու է դատավոր Կարինե Պետրոսյանը (ԵԿԴ/0220/04/15):

Բանկի ներկայացուցիչ, փաստաբան Նարեկ Քոչարյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նոր են ստացել գործը վարույթ ընդունելու մասին ծանուցումը, նիստի օր դեռ նշանակված չէ: Ավիաընկերությունը բանկից վարկ էր վերցրել, որը, ինչպես նաև կուտակված պարտավորությունները, չի մարել: Ն. Քոչարյանը հրաժարվեց հայտնել «Էյր Արմենիայի» պարտքի չափը՝ նշելով, որ դա առևտրային գաղտնիք է:

«Էյր Արմենիայի» 51% բաժնեմասի սեփականատեր և գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա բջջային հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ ընկերությունից նշեցին, որ նա քաղաքում չէ:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ շուկայից դուրս մնաց «Էյր Արմենիան», պատասխանել է, որ ընկերությունը տնտեսապես չկարողացավ մրցունակ լինել, բավարար ֆինանսական բազա չունեցավ:
Հիշեցնենք, որ անցած տարի դեկտեմբերին ավիաընկերության բաժնետոմսերի 49 %-ը ձեռք էր բերել East Prospect Fund-ը, բաժնետոմսերի 1 %-ն անցել էր Ա.Ավետիսյանին, ով նախկինում 50-ական տոկոս փայաբաժնով «Էյր Արմենիայի» համասեփականատերն էր՝ Վահան Հարությունյանի հետ: Ուշագրավ է, որ East Prospect Fund-ը գրանցված է բրիտանական օֆշորային տարածքում՝ Վիրջինյան կղզիներում: Սակայն կազմակերպության ներկայացուցիչները գերադասում էին զերծ մնալ «օֆշորային ընկերություն» արտահայտությունից՝ հիմնավորելով, որ իրենք հիմնադրամ են: Դրա կառավարիչ Վլադիմիր Բաբիլյովն անցած տարեվերջին կայացած ասուլիսում հայտարարել էր, որ իրենք աշխատում են անգլիական իրավական կանոններով: East Prospect Fund-ը, ըստ կազմակերպության տարածած տեղեկատվության, իրենից ներկայացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց խմբի ներդրումային գործընկերություն: Հիմնադրամի կառավարումն իրականացվում է Լոնդոնից և Կիևից: Նշվում էր, որ հիմնադրամը ներդրումներ է կատարել մետաղների պլազմատրոնային ձուլման, բարձր մաքրության մետաղների արտադրությունների ոլորտում, Կիևի մոտակայքում ունի 800 հա հողատարածքներ, կվարցիտների հանքեր, ներկայացուցչության 150 արտոնագիր, իսկ Հայաստանի միակ ազգային ավիափոխադրողի 49% բաժնեմասը գնահատված է 50 մլն դոլար: Հիմնադրամի ընդհանուր ակտիվները գնահատվում են 2.5մլրդ դոլար:

Վ. Բաբիլյովը նաև հայտարարել էր, որ Air Armenia-ում 30 մլն դոլար է ներդրվելու, գնվելու է ևս 2 օդանավ, վերակառուցվելու է ավիաընկերությունը: Թռիչքները պետք է սկսվեին հունվար-փետրվարից հետո: «Էյր Արմենիան» անվանում էին «բավականին հեռանկարային» ընկերություն: Չվերթերը մի քանի անգամ հետաձգվեցին ու այդպես էլ չվերսկսվեցին:

 

Տեսանյութեր

Լրահոս