Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Քաղաքացուց 2024 թվականի մայիսի 13-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 9:00-ի սահմաններում Երևան քաղաքի Սարկավագի փողոցում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից ավտոճանապարհը փակվել է աղբամաններով։ Ակցիայի մասնակիցներից մեկը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու կողմից շահագործվող Օպել մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս:
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նկատի ունենալով, որ քաղաքացու հաղորդումը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և նրա գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: