Պատգամավորները առաջարկում են ժամկետ սահմանել հարցերին պատասխանելու և դրանց արձագանքելու համար. Կառավարությունը դեմ չէ
ՀՀ կառավարությունը քննարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկել են ժամկետ սահմանել նաև հնչեցված հարցերին պատասխանելու և դրանց արձագանքելու համար: Խնդրի վերաբերյալ գործադիրը որևէ առարկություն չի ներկայացրել:
Նիստում քննության է առնվել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը պատգամավորի կարծիքով քաղաքացիներին և համապատասխան մարմիններին հնարավորություն կտա դատարանում վիճարկել Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի սակագնի մեծությունը սահմանելու վերաբերյալ ընդունած իրավական ակտը՝ առանց ժամկետի սահմանափակման: Կառավարության եզրակացությունը բացասական է և բազմակողմանիորեն հիմնավորված:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: