«Արդար և կարևոր որոշումներ են». Հովիկ Աբրահամյան
ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում 2015թ. տեղի ունեցած ուժեղ քամուց վնասված բազմաբնակարան երկու շենքի տանիքների նորոգման նպատակով Գեղարքունիքի մարզպետարանին է հատկացրել մոտ 50 մլն դրամ:
Մեկ այլ որոշմամբ մոտ 5 մլն դրամ է հատկացվել Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու համար:
Կրթական օբյեկտների հիմնանորոգման ծրագրի իրականացման ընթացքում տնտեսված մոտ 63 մլն գումարը տրամադրվել է Աբովյան քաղաքի N 2 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքի կատարմանը:
Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով Շիրակի մարզպետարանին հատկացված 1.5 մլրդ դրամից ծախսվել է մոտ 93 տոկոսը: Չօգտագործված միջոցներից մոտ 61 մլն դրամը կառավարության որոշմամբ ուղղվել է Շիրակի մարզում բնակվող բազմազավակ (9 և ավելի երեխա ունեցող) ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ այդ ընտանիքներին բնակարանի գնման վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմամբ:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը կարգավորել է Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում 2012թ. պետական աջակցությամբ կառուցված շենքերից բնակարան ստացած և բնակարան ստանալուց հետո մահացած անձանց հատկացված բնակարանների նկատմամբ իրավահաջորդության հետ կապված հարցերը: «Արդար և կարևոր որոշումներ են», – ասել է վարչապետը: Նիստում լուծվել է նաև Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբին երաժշտական գործիքներով ապահովելու հարցը, այդ նպատակով Շիրակի մարզպետարանին հատկացվել է 5 մլն դրամ: Օրերս Գյումրի այցի ժամանակ այդ խնդրանքով վարչապետին էին դիմել նվագախմբի անդամները: