Ավարտվել է խուլիգանական դրդումներով երկուսից ավելի անձանց սպանության փորձի գործով նախաքննությունը

Սմբատ Գրիգորյանը 2007 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ճանապարհին, խուլիգանական դրդումներով, փորձել է երկու և ավելի անձանց՝ Սերյոժա Գևորգյանին, Գառնիկ Սողոմոնյանին և Վահագն Հակոբյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Դեպքի առթիվ 2007թ. փետրվարի 7-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Սմբատ Գրիգորյանին խուլիգանական դրդումներով երկուսից ավելի անձանց սպանության փորձ կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել, ու վերջինիս նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

2014 թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Ս. Գրիգորյանը հայտնաբերվել էր, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Հիշյալ քրեական գործով մեղադրյալի հայտնաբերվելուց հետո, շուրջ 1 տարի նախաքննությունը կատարվում էր ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի քննչական բաժնում:

Այնուհետև գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սմբատ Գրիգորյանը 2007 թ. հունվարի 31-ին` ժամը 20:00-ի սահմաններում, իր ավտոմեքենայով երթևեկելիս՝ նկատել է համագյուղացիներ Սերյոժա Գևորգյանին, Գառնիկ Սողոմոնյանին, Վահագն Հակոբյանին: Գառնիկ Սողոմոնյանի կողմից, իբր, իր ուղղությամբ «շեղ հայացք նետելու» պատճառաբանությամբ մեքենան կանգնեցրել է ճամփեզրին, մոտեցել է վերջինիս և որպես պատրվակ օգտագործելով նշված չնչին առիթը՝վիճաբանության է բռնվել Գառնիկ Սողոմոնյանի հետ:

Վիճաբանության ընթացքում Սմբատ Գրիգորյանը, չբավարարվելով Գառնիկ Սողոմոնյանի և վեճին միջամտած Սերյոժա Գևորգյանի բազմաթիվ պնդումներին, որ իրեն ոչ ոք շեղ չի նայել, նա, ծեծկռտուք հրահրելու և խուլիգանական դրդումներով հիշյալ անձանց սպանելու դիտավորությամբ՝ իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով ապօրինաբար Գառնիկ Սողոմոնյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով հարվածել է նրա կյանքի կենսական կարևոր օրգանների շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դրանից հետո Ս. Գրիգորյանն իր միասնական հանցավոր մտադրության իրականացումն ավարտին հասցնելու միտումով` թիկունքից մոտեցել է Սերյոժա Գևորգյանին և ապօրինաբար նրան դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով նույն գործիքով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով նրա կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ:

Սմբատ Գրիգորյանը, շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, նույն գործիքով հարվածել է նաև միջադեպը կանխելու փորձ կատարող Վահագն Հակոբյանի մարմնի տարբեր մասերին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ:

Սմբատ Գևորգյանին չի հաջողվել հանցանքն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Սերյոժա Գևորգյանի, Գառնիկ Սողոմոնյանի և Վահագն Հակոբյանի փոխադարձ իրար օգնելուն ուղղված գործողություններով նրանց հաջողվել է խուսափել մահացու հարվածներից և փախուստի դիմել դեպքի վայրից:

Ասենք, որ Սմբատ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով, և վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Սմբատ Գրիգորյանի կողմից խուլիգանական դրդումներով երկուսից ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս