Օբամա. «Իրանի հետ գործարքի այլընտրանքը պատերազմն է». «Ամերիկայի ձայն»
Իրանի միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչի դադարեցման վերաբերյալ նախորդ ամիս կնքված գործարքի այլընտրանքը պատերազմն է. այս մասին, «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման.
«Եկեք լինենք ճշմարիտ՝ Կոնգրեսի կողմից գործարքը կասեցնելու դեպքում Միացյալ Նահանգների վարչակազմը, որը Իրանին թույլ չի՛ տալու միջուկային զենք ձեռք բերել, կունենա միայն մեկ ընտրություն՝ դա Միջին Արեւելքում նոր պատերազմն է»:
Օբամայի խոսքով, գործարքը օրենսդիրի կողմից կասեցվելու դեպքում Իրանը շարունակելու է իր ռազմական միջուկային ծրագիրը, ինչի արդյունքում Միացյալ Նահանգների ցանկացած նախագահ այլընտրանք չի ունենալու եւ ստիպված է լինելու ռմբակոծել Իրանի միջուկային ծրագրում ներգրավված հաստատությունները: Օբամայի խոսքով, դեռ մի քանի տարի առաջ պարզ էր դարձել, որ լոկ պատժամիջոցների ու ուժի միջոցով հնարավոր չէ Իրանին զերծ պահել միջուկային ծրագրից եւ անհրաժեշտ է դիվանագիտական միջոցներ կիրառել, ինչը եւ արտացոլվեց գործարքի միջոցով.
«Սա դիվանագիտություն է, կոշտ, բարդ, բայց՝ դիվանագիտություն: Մենք զենք չէինք թափ տալիս»:
ԱՄՆ-ի նախագահը նշեց, որ գործարքի իրականացման դեպքում Իրանն ընդմիշտ հրաժարվում է միջուկային զենք ձեռք բերելուց, իսկ փոխարենը երկիրն իր քաղաքացիներին թույլ կտա զգալիորեն բարձրացնել կյանքի որակը: Հիշեցնելով, որ Իրանի միջուկային ծրագիրը սկսվել էր դեռ 1960-ականներին, շահի եւ հենց Միացյալ Նահանգների հովանու ներքո, Բարաք Օբաման ընդգծեց, որ գործարքի ընդունումը Իրանի միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերին վերջ կդնի.
«Եթե Իրանը փորձի խարդախություն անել, մենք կարող ենք նրա ձեռքը բռնել եւ մենք դա կանենք»: