Լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում խաչմերուկ մուտք գործած վարորդն ինքը կորոշի՝ ինչպես վարվել. օրենքում փոփոխություններ կարվեն

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում ասաց, որ Հայաստանում վարորդին տուգանում են՝ չապահովելով երթևեկության կազմակերպումը. ««Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածն ասում է՝ Ճանապարհային անվտանգության մասին օրենսդրությունը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Այսինքն՝ սկզբից պետք է ապահովվի երթևեկության կազմակերպումը, հետո նոր սկսեն տուգանել վարորդին: Մեզ մոտ հակառակն է՝ առանց ապահովելու այդ պահանջները, տուգանում են վարորդին: Օրինակ՝ «Արմենիա թիվիի» մուտքի դիմաց տեղադրված է մի նշան՝ 40, դա չունի կրկնվող նշան, տեսանելի չէ Եղվարդի ճանապարհով եկող վարորդների համար, կորացումով ճանապարհ է այդտեղ: Այսինքն՝ բոլոր այն պայմանները, որոնք կառավարությունը սահմանել է, չեն արվում: Համապատասխան կառույցները պետք է քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ»:

Ըստ նրա՝ պետք է ստեղծել մի անկախ կառույց, որը ոչ միայն զբաղվի երթևեկության կազմակերպմամբ, այլև այն հարցերով, որոնք ՃՈ-ին նույնիսկ հարկավոր չեն, օրինակ՝ քննություններ ընդունել, վարորդական վկայականներ հանձնել, հաշվառել և այլն:
Է. Հովհաննիսյանը նշեց, որ վերջերս մեծացել էր լուսաֆորի կարմիր լույսերի հետ կապված խախտումների թիվը, բայց դիմել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի ՀՀ այդ օրենքը համապատասխանեցվի միջազգային կոնվենցիային.
«Մեզ մոտ օրենքն ասում է՝ լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում խաչմերուկ մուտք գործած վարորդը պետք է այն ազատի: Կոնվենցիան ասում է՝ կարող է կանգնեցնել մեքենան, եթե հակառակ ուղղությամբ փողոցը բաց է, և դա կբերի բախման: Այսինքն՝ վարորդն է որոշում՝ գնա՞լ, թե՞ չգնալ: Հետևաբար՝ մեր օրենքի այս կետը պետք է համապատասխանի կոնվենցիային, ինչը կարվի: Մեզ խոստացել են, որ առայժմ բանավոր չեն կիրառի, մինչև փոփոխություն անեն օրենքում»:

Տեսանյութեր

Լրահոս