Աճում ենք, աճում ենք… Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը բացատրում է, թե ինչո՞ւ բնակչությունը չի զգում տնտեսական աճը
Այսօր, ՀՀ կառավարության նիստի սկզբում, նախքան օրակարգին անցնելը, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ վիճակագրական տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունն աճել է 4.2%-ով, արդյունաբերությունն աճել է 5.1%-ով, էներգիայի արտադրությունը՝ 1.5%-ով, գյուղատնտեսությունը՝ 14.5%-ով, և այլն:
Ըստ Վ. Գաբրիելյանի՝ տնտեսական ակտիվությունը հիմնականում գյուղատնտեսության շնորհիվ է: Փոխվարչապետը դրվատանքի խոսքեր ուղղեց ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանին, ում՝ ծննդյան օրվա կապակցությամբ, նիստից առաջ շնորհավորել էր նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վ. Գաբրիելյանի խոսքով՝ գյուղոլորտի աճը և բարձր բերքատվությունը ոչ միայն եղանակային պայմանների արդյունքում է ապահովվել, այլև հողօգտագործողներն են ավելացել:
Վ. Գաբրիելյանը նշեց, որ շինարարության ոլորտում անկում կար, բայց այս տարվա առաջին 6 ամիսներին բնակչության հաշվին շինարարության աճ կա, իսկ դա գերազանց ցուցանիշ է. «Կարելի է լավատեսորեն և հավատով նայել, քանի որ բնակչության հաշվին շինարարության աճ կա»:
Փոխվարչապետը նշեց, որ գնաճը 5.1% է, բայց աշխատավարձերը գնաճից առաջանցիկ են աճում՝ 10.8%:
Փոխվարչապետը ցանկություն հայտնեց, որ բնակչությանը դրական իմպուլսներ փոխանցվեն: Թե ինչո՞ւ բնակչությունը չի զգում տնտեսական աճը, Վ.Գաբրիելյանը պատճառաբանեց տրանսֆերտների նվազմամբ, որի հետևանքով առևտրի ծավալներն են նվազել:
Ըստ նրա՝ ուրախալի է, որ չնայած պղնձի գները միջազգային շուկայում իջել են, բայց հանքարդյունաբերությունն աճել է 30%-ով: Բնակչության զբաղվածության ծավալը մի քիչ նվազել է, բայց, նրա խոսքով, ընդհանուր ԱՎԾ ցուցանիշները լավատեսական են և հավատ են ներշնչում: